Օրերս «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, ԲՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հանդես եկավ բավական վառ հայտարարությամբ: Պարզվում է՝ բրենդային խանութներում խաբում են գնորդներին: Նախ բարձրացնում են ապրանքների գները, իսկ հետո հայտարարում են «զեղչերի» մասին:
Բայց այստեղ ոչ մի սենսացիա չկա: Բոլորին է հայտնի, որ այդպիսի հնարք վաղուց կիրառում են ինչպես մեզ մոտ, այնպես էլ այլ երկրներում: Գնորդներին խաբելու նաեւ այլ տարբերակներ կան: Բոլորին ծանոթ է «գնեք երկու ապրանք, իսկ երրորդն անվճար կտրամադրենք» գովազդը: Ինչ-որ դժվար է հավատալ, որ միանգամայն անվճար:
Առեւտրի կենտրոնը բարեգործական կազմակերպություն չէ, եւ իր շահույթը չի կիսի գնորդի հետ: Պարզապես գներն այնքան բարձր են, որ շահույթ են ապահովում նույնիսկ «անվճար» տարբերակի դեպքում: Հասկանալի է, որ Նաիրա Զոհրաբյանը, որպես պատգամավոր, հազիվ թե չգիտի, որ ապրանքային շուկայում բրենդներից ավելի լուրջ խնդիրներ կան: Քանի որ այդ խնդիրների շրջանակը մեծ է, սահմանափակվենք միայն մեկով:
Ոչ բոլորն են բախտ ունեցել օգտվել բարձրակարգ առեւտրի օբյեկտներից: Բազմաթիվ ընտանիքների համար ծախսելու վայրերը սահմանափակվում են սովորական մթերային խանութներով: Եվ նրանք ամենեւին էլ նրբահամ ուտեստներ չեն գնում, այլ համեմատաբար էժան մթերքներ: Օրինակ՝ հանապազօրյա հաց:
Հացի ծախսը շատերի ընտանեկան բյուջեի զգալի մասն է կազմում: Հասկանալի է, որ հացի կշռի հետ կապված ցանկացած «հնարք» ավելի է վատթարացնում մեր հասարակության այդ հատվածի վիճակը: Ստացվում է, որ մարդիկ վճարում են «օդի» համար: Բայց ոչ ոք, այդ թվում՝ պատգամավորները, երբեւէ հետաքրքրվե՞լ են, թե որքան պակաս է հացի կշիռը: Հազիվ թե: Օլիմպիական բարձունքներից այդպիսի «մանրուքները» չեն նկատվում:
Սմբատ Գրիգորյան




























