Երեւանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը շարունակում է պնդել, որ մարտի 16-ին Սարալանջում փլուզվել է «Մեվրիկար» ընկերության կառուցած հենապատը։
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով «Մեվրիկարի» հայտարարությանը, թե իրենց կառուցած հատվածը չի փլուզվել, Կամո Արեյանն արձագանքեց. «Պաշտոնապես արդեն հայտարարել ենք, որ հենապատի այդ հատվածը կառուցվել է «Ագրոբիզնեսի եւ գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամի կողմից, շինարարությունն իրականացրել է «Մեվրիկարը»։ Հիմնադրամը ժամանակին դիմել է մեզ, ստացել թույլտվությունը, իսկ շինարարությունը կատարել է «Մեվրիկար»-ը։ Նրանց կառուցած հատվածն էլ փլուզվել է»։
Կամո Արեյանի խոսքով՝ այժմ կառուցողն օրենքով սահմանված կարգով պետք է ճիշտ լուծումներ տա խնդրին եւ երաշխավորի անվտանգությունը։
Ի դեպ, «Մեվրիկար»-ը պնդում է, որ փլուզվել է «Լինսի» հիմնադրամի կառուցած հատվածը։
Ավելի վաղ ԱԻՆ-ը հայտնել էր, որ 2016թ. մարտի 16-ին, ժամը 04:49-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Սարալանջի պողոտայում՝ Անտառային փողոցի մոտակայքում, ճանապարհահատվածը փլվել է (մոտ 1 քմ), ինչի հետեւանքով երթեւեկությունը խափանվել է:
Պարզվել է, որ Ազատության պողոտայի թիվ 1/21 շենքի դիմաց մոտ 15 մետր երկարությամբ եւ 8 մետր բարձրությամբ բետոնե հենապատը փլուզվել է եւ թափված հողազանգվածի հետ փակել Սարալանջի պողոտայի երթեւեկելի հատվածը: Տարածքի տեղազննման արդյունքում Ազատության պողոտայի թիվ 1/21 շենքի դիմաց՝ ասֆալտի վրա, նկատվել են մոտ 5մ երկարությամբ եւ մոտ 0.7 սմ լայնությամբ ճաքեր, փրկարարները ժապավենով սահմանազատել են շենքի հարակից վտանգավոր հատվածը:
Ըստ Երեւանի քաղաքապետարանի, պատվիրատուի առջեւ արդեն իսկ պահանջ է դրվել օրենսդրությամբ կառուցապատողին վերապահված պարտականությունների շրջանակում սեղմ ժամկետում ձեռնարկել համապատասխան քայլեր՝ փլուզման հետեւանքները վերացնելու եւ նոր հենապատ կառուցելու ուղղությամբ:




























