Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի նախկին ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը նշանակվել է Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար։

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նա նշեց, որ նոր աշխատանքից շատ գոհ է եւ մեծ ցանկություն ունի ռեկտոր դառնալու։

«Ինչո՞վ է Երեւանը տարբերվում Շուշիից, պետք չէ տարանջատել։ Մեծ սիրով աշխատում եմ այնտեղ»,- ասաց Հովհաննես Թոքմաջյանը։ Պոլիտեխնիկի նախկին ռեկտորը հայտնեց նաեւ, որ շարունակում է ուսումնագիտական գործունեությամբ զբաղվել։

Հիշեցնենք, որ Պոլիտեխնիկի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանը պաշտոնավարման ժամանակահատվածում պարբերաբար հայտնվում էր սկանդալների կենտրոնում։ Ըստ մամուլի տեղեկությունների՝ պատճառը Թոքմաջյան-Աշոտյան լարված հարաբերություններ էին։

2015թ. հունիսի 20-ին Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտոր էր ընտրվել ՀՅԴ-ական Ոստանիկ Մարուխյանը: Թոքմաջյանն ավելի քան 6 ամիս աշխատանք չուներ։