Արարատի մարզում մեկ տարի առաջ «Շտապօգնության» մեքենայի մասնակցությամբ տեղի ունեցած ողբերգական վթարի գործով ամբաստանյալ, «Շտապօգնության» վարորդ Հրաչիկ Կարապետյանը դատապարտվեց 2.5 տարվա ազզատազրկման։ Մարտի 18-ին նման որոշում է կայացրել Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը։ Գործով մեղադրողը 3 տարի ժամկետով ազատազրկում էր պահանջել:
Նշենք, որ ամբաստանյալի ցանկությամբ դատաքննությունն անցկացվել է արագացված կարգով:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության` «Շտապօգնության» վարորդ Հրաչիկ Կարապետյանը 2015 թվականի մարտի 14-ին, ժամը 20:55-ի սահմաններում գտնվել է միջին ծանրության աստիճանի ալկոհոլի ազդեցությամբ: Կարապետյանն Արտաշատի ԲԿ-ի շտապօգնության բաժանմունքին պատկանող ավտոմեքենայով երթեւեկել է Արարատի մարզի Արտաշատ-Վերին Արտաշատ ավտոճանապարհով: Հասնելով Բերդիկ գյուղի խաչմերուկին` իրականացրել է ոչ պատշաճ եւ վտանգավոր երթեւեկություն ու խաչմերուկ մուտք գործելիս, նախապես չհամոզվելով, որ «Գազել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը ճանապարհը զիջում է իրեն, ստեղծել է վթարային իրադրություն:
Կարապետյանն իր ավտոմեքենայի աջ մասով ընդհարվել է «Գազել» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետեւանքով անզգուշությամբ առաջացրել է իր մեքենայի ուղեւոր, Արտաշատի ԲԿ ՓԲԸ-ի «Շտապօգնության» բաժնի վարիչ Կարապետ Գրիգորյանի մահը:
Հրաչիկ Կարապետյանին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:




























