Մեծ Բրիտանիայում հայտարարել են ամենամյա մրցանակաբաշխության հաղթողներին, որը հանձնում են ամենատարօրինակ վերնագրերով գրքերի հեղինակներին: 2016 թվականին առաջին տեղում Ալան Սթաֆորդի՝ «Չափազանց մերկ նացիստների համար» (Too Naked For The Nazis) վերնագրով ստեղծագործությունն է: BBC-ի հաղորդմամբ, հեղինակը Diagram Prize մրցանակ է ստացել:

Մրցանակաբաշխությունը հիմնվել է 1978 թվականին, լոնդոնյան հեղինակավոր The Bookseller ամսագրի կողմից: «Չափազանց մերկ նացիստների համար» ստեղծագործությունը պատմում է անցյալ դարի կեսերին հայտնի բրիտանական երգիծական տրիոյի՝ Wilson, Keppel and Betty-ի մասին:

«Վեստի»-ի հաղորդմամբ, Diagram Prize են ստացել նաեւ հետեւյալ վերնագրերով գրքերը. «Կարդալով հետեւից. մշակութային պատմություն անուսի մասին» (Reading from Behind: A Cultural History of the Anus), «Կարդալով լյարդը. տեքստեր մագաղաթի վրա Հին Հունաստանում ներքին օրգաններով գուշակությունների մասին (ակադեմիական հետազոտություն զոհաբերվող գառների մասին)», «Մոտոցիկլով վանականներ-տրանսվեստիտներ-վամպիրները տիեզերքից. մտորումներ կուռքային ֆիլմի մասին»:

Ավանդույթի համաձայն, ամենատարօրինակ գրքի հեղինակը մեկ շիշ գինի է ստացել: