«Մատաղիսի» գործով ՄԻԵԴ-ի կայացրած որոշումից հետո խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողները լիահույս կլինեն, որ ի վերջո սառույցը հալվեց ու բոլոր գործերով արդար քննություն կլինի, մեղավորները կպատժվեն: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնության անդամ Սեդա Մելիքյանը։

«Շնորհավորում եմ Արայիկին, Մուսային, Ռազմիկին եւ մեզ բոլորիս: Համոզված եմ, որ ինչքան էլ դժվար է՝ միեւնույնն է, սպանություն իրականացնողները կբացահայտվեն եւ կստանան իրենց արժանի պատիժը: Պետությունը վերջապես կկատարի իր պարտականությունները եւ կունենանք օրենքի գերակայություն»,- ասաց Սեդա Մելիքյանը։

Նախաձեռնության անդամի կարծիքով, սա նաեւ գործով փաստաբան, ներկայում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հաղթանակն է։

«Մադաղիսի գործով սա Զարուհի Փոստանջյանի երկրորդ նվաճումն է։ Փոստանջյանը միայնակ եւ դեռեւս հանրությանն անծանոթ փաստաբան էր, երբ ստանձնեց այս գործը։ Նա առաջիններից էր, որ հավատաց եւ վստահեց գործով մեղադրյալներին։ Ճիշտ է՝ հաղթանակը եկավ 12 տարի անց, բայց, միեւնույն է, արդարությունը միշտ հաղթում է»,- ասաց Սեդա Մելիքյանը։

Հիշեցնենք, որ ՄԻԵԴ ներկայացված գանգատով դիմումատուներ Արայիկ Զալյանը, Մուսա Սերոբյանը եւ Ռազմիկ Սարգսյանը պահանջել են ճանաչել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ (Խոշտանգումների արգելում) եւ 5-րդ (Ազատության եւ անձնական անձեռնմխելիության իրավունք) հոդվածներով նախատեսված իրավունքների խախտումները: 2017թ. մարտի 17-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշել է, որ «Մատաղիսի» գործով գանգատ ներկայացնողներին ՀՀ կառավարությունը պետք է վճարի 50 հազար եվրո:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2004թ. ապրիլի 19-ին ԼՂՀ Մատաղիսի զորամասի ժամկետային զինծառայողներ Արայիկ Զալյանը, Մուսա Սերոբյանը եւ Ռազմիկ Սարգսյանը հրավիրվել են հրամանատարի սենյակ՝ 2003 թ. դեկտեմբերին սպանված երկու զինծառայողների գործով հարցաքննության նպատակով: Սկզբում նրանք հարցաքննվել են որպես վկաներ, ապա  զինվորական ղեկավարությունը փորձել է բռնությամբ ստիպել, որ վերջիններս ընդունեն մեղքը:

Ի տարբերություն Արայիկ Զալյանի եւ Մուսա Սերոբյանի՝ Ռազմիկ Սարգսյանը ճնշումների ներքո ընդունել է իր եւ երկու ծառայակիցների մեղքը:

2005թ. մայիսին Արայիկ Զալյանը, Մուսա Սերոբյանը եւ Ռազմիկ Սարգսյանը դատապարտվել են նախ՝ 15 տարվա, ապա՝ ցմահ ազատազրկման եւ ազատազրկման վայրում անցկացրել 3 տարի: 2012թ. դեկտեմբերի 18-ին նրանք արդարացվել են:

Հետաքրքրական է, որ քննիչ Արմեն Հակոբյանը, որի ակնհայտ ապօրինի գործողությունների արդյունքում տեղի էր ունեցել դատական սխալ, եւ անմեղ մարդիկ էին դատապարտվել, այդպես էլ պատասխանատվության չենթարկվեց, ավելին՝ նրա պաշտոնը բարձրացվեց, եւ այսօր Արմեն Հակոբյանը ՀՀ Ճանապարհային ոստիկանության պետն է: