Սարի թաղում մարտի 13-ին վիճաբանության ընթացքում դանակի հարվածից մահացած 17-ամյա Արմեն Բաղդասարյանը եւ գործով կալանավորներ Պետրոսյան եղբայրները մտերիմներ են եղել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց եղբայրների փաստաբան Սուսաննա Սարգսյանը:
«Ըստ երեւույթին՝ ծեծկռտուքի թեժ պահին չի նկատել, թե ում է դանակահարել: Վեճի պատճառները դեռեւս կճշտվեն, բայց որքան ես գիտեմ, անիմաստ խոսակցությունից է ծագել»,- ասաց փաստաբանը:
Նախաքննության եւ պաշտպանական տակտիկայից ելնելով՝ Սուսաննա Սարգսյանը չցանկացավ հայտնել, թե իր պաշտպանյալները կատարվածի մասին ինչ են պատմել:
«Այս պահին նպատակահարմար չեմ գտնում ինչ-որ բան ասել: Բայց Նարեկը նշել է, որ իրեն առաջադրված մեղադրանքի հետ համաձայն չէ, իսկ Դավիթն էլ՝ ոչ մեկին կյանքից զրկելու դիտավորություն չի ունեցել»,- ասաց նա:
Նշենք, որ Նարեկ եւ Դավիթ Պետրոսյաններին արդեն մեղադրանք է առաջադրվել: Նրանք կալանավորված են:
Հիշեցնենք, որ կրտսեր եղբորը՝ Նարեկին, մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (սպանության փորձ՝ երկու կամ ավելի անձանց նկատմամբ), ավագ եղբորը՝ Դավիթին, 34-104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության փորձ) եւ 113-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (2 կամ ավելի անձանց միջին ծանրության մարմնական վնաս պատճառելը):
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երեւանի Սարի թաղում մարտի 13-ի երեկոյան անչափահասի սպանության ելքով դանակահարության կասկածանքով կա երկու ձերբակալված: Մարտի 15-ին ոստիկանության Նոր Նորքի բաժին են ներկայացել 26-ամյա Դավիթ եւ 25-ամյա Նարեկ Պետրոսյան եղբայրները: Նրանք խոստովանել են, որ մասնակցել են դանակահարությանը նախորդած վիճաբանությանը:
Նշենք, որ ըստ քննչական կոմիտեի՝ մարտի 13-ին ժամը 21-ի սահմանում Սարի թաղում գործող թիվ 47 դպրոցի դիմաց տեղի է ունեցել վիճաբանություն, որը վերածվել է ծեծկռտուքի ու ավարտվել դանակահարությամբ: 17-ամյա Արմեն Բաղդասարյանը մահացել է:
Վիրավորներն են Ռոբերտ Կարապետյանը, Սամվել Գասպարյանը, Սերգեյ Օսիպովը, բոլորը՝ ծնված 1998թ.: Տուժած երեք երիտասարդները, որոնք ստացել էին կրծքավանդակի եւ կոնքի կտրած-ծակած վերքեր, իրենց արդեն լավ են զգում:



























