Արցախում հակառակորդի կրակոցից մարտի 17-ին զոհված ժամկետային զինծառայող Արտյոմ Վարդերեսյանը դեպքից մեկ ժամ առաջ էր խոսել ծնողների հետ, ասել, որ ծառայությունը լավ է ընթանում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց զոհվածի ազգականներից Վիոլետա Վարդանյանը՝ հավելելով, որ Արտյոմը դեկտեմբեր ամսին էր արձակուրդ եկել:

«Դեպքից մի ժամ առաջ զանգել էր մայրիկին, տրամադրությունը լավ է եղել,  հետո զանգել է Ռուսաստանում գտնվող հայրիկին»,-ասաց զոհվածի ազգականուհին:

Վիոլետա Վարդանյանի խոսքով՝ Արտյոմը ծառայությունից չի դժգոհել, զորամասւոմ նա սիրված է եղել:

«Իրենից գոհ էին, ժիր, ակտիվ տղա էր: Գոհ էր ծառայությունից, ինքն ընկճվածություն չի ունեցել»,-ասաց նա:

Ազգականուհին նաեւ նշեց, որ մարտի 30-ին կլրանար Արտյոմի 20 ամյակը, իսկ հունիսին նա կվերադառնար ծառայությունից: 

Նշենք, որ Արտյոմ Վարդերեսյանի հոգեհանգիստը տեղի կունենա մարտի 20-ին: Ռուսաստանի Դաշնությունից արդեն վերադարձել են զոհվածի հարազատները՝ հայրը, հորեղբայրը, հորեղբոր որդիները եւ հորաքույրը:

Արտյոմը Լոռու մարզի Կաթնաջուր գյուղից էր, երեխաների ավագը, ունի երկու քույր:

Ավելի վաղ ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ 2016 թվականի մարտի 17-ին, ժամը 14:55-ի սահմաններում հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 19-ամյա Արտյոմ Արսենի Վարդերեսյանը:

Դեպքի առթիվ Զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: