Վայրի կենդանիները, մասնավորապես` արջերը, գայլերը սկսել են մտնել բնակավայրեր, քանի որ մարդիկ զրկում են նրանց ապրելու տարածքներից՝ անտառներից:  Այս մասին  NEWS.am-ի հետ զրույցում ասաց բնապահպան Հովիկ Սայադյանը՝ անդրադառնալով մարտի 21-ին Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղում տեղի ունեցած դեպքին, երբ գայլը հարձակվել եւ հոշոտել է 75-ամյա կնոջ դեմքը:

«Հիմնական պատճառը անտառների ոչնչացումն է, զրկում ենք գազաններին սնունդ գտնելու հնարավորությունից, իրենք էլ սոված մտնում են բնակավայրեր, ստիպված դուրս են գալիս ապրուստի միջոց գտնելու համար»,-ասաց նա:

Մեզ հետ զրույցում  անդրադառնալով կատարվածին` բնապահպան Սիլվա Ադամյանն էլ նշեց, որ այս դեպքում գայլի թիրախը եղել են անասնագոմի կենդանիները, ոչ թե տարեց կինը եւ ասել, թե գայլը նպատակային հարձակվել է նրա վրա` սխալ է:

«Այս դեպքում սխալ է ասել, որ գայլը հարձակվել է կնոջ վրա, եթե գրած է, որ գոմի մոտ, ապա դա հարձակում չէ կոնկրետ մարդու վրա: Գայլը փորձել է գոմից կեր հայթայթել, ուղղակի կինն այդ պահին գոմի մոտ է եղել եւ հանդիպել է գայլին»,-ասաց նա:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Վայոց ձորի Խաչիկ գյուղում մարտի 21-ի առավոտյան անասնագոմի մոտ գայլը հարձակվել է տարեց կնոջ վրա եւ վնասել նրա ձեռքերն ու դեմքը: Գյուղացիների խոսքով, գայլերը հաճախ են մտնում իրենց գյուղ, սակայն, սա առաջին դեպքն է, երբ հարձակվում են մարդկանց վրա: