Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում մարտի 29-ին կբացվի «Երուսաղեմի ռուսական եւ հայկական սրբավայրերը» լուսանկարների ցուցահանդեսը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի հիմնադիր-տնօրեն Աշոտ Հայկազուն Գրիգորյանը: Նրա խոսքով, ցուցահանդեսի նպատակը քաղաքացիներին Երուսաղեմում առկա հայկական սրբավայրերը ցուցադրելն է, դրանց հետ ծանոթացնելը:
«Սանկտ-Պետերբուրգի Կրոնների պատմության պետական թանգարանում կա համապատասխան արխիվ, որտեղ հայկական սրբավայրերի հնագույն լուսանկարներ կան, որոնք չեն ցուցադրվում հիմնականում: Մեր նպատակն է դրանք ցուցադրել մեր քաղաքացիներին: Լուսանկարները ժամանակակից չեն, արխիվային են եւ շատ սրբավայրեր կցուցադրվեն հենց նախնական վիճակում` առաջին անգամ: Հիմնականում 19-20 դարասկզբի 60-ից ավելի եզակի լուսանկարներ կցուցադրվեն Պաղեստինյան կայսերական ուղղափառ ընկերության հավաքածուից, որոնց վրա պատկերված է Հայ Առաքելական եկեղեցու բազմադարյա պատմությունը»,-ասաց նա:
Նշենք, որ ցուցահանդեսի այցելուները հնարավորություն կունենան տեսնելու 19-20 դարասկզբի հայնտի լուսանկարիչներ Ֆ. Բոնֆիսի, Բ. Գենտշելի, Ի. Բարշչևսկու աշխատանքները, որոնցից շատերը ցուցադրվելու են առաջին անգամ:
Ցուցահանդեսը կբացվի մարտի 29-ին, ժամը 15:00-ին, այն կտեւի մինչեւ մայիսի 5-ը:






























