Արդարադատության ոլորտում Հայաստանի եւ Քուվեյթի միջեւ փոխգործակցությունը խորացնելու մեծ ներուժ կա: Այս մասին, այսօր՝ մարտի 2-ին, Քուվեյթի Պետության Արդարադատության եւ Վակֆերի ու իսլամական հարցերով նախարար Յակուբ ալ Սանէի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:

ԱՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Արփինե Հովհաննիսյանը համոզմունք է հայտնել, որ գործընկերոջ՝ Հայաստան կատարած այցից հետո երկու նախարարությունների համագործակցությունը կմտնի որակապես նոր փուլ:

Յակուբ ալ Սանէն շնորհակալություն է հայտնել Արփինե Հովհաննիսյանին ջերմ ընդունելության համար եւ նշել, որ, մասնավորապես, իրավական ոլորտում փոխգործակցության խորացմանն ու զարգացմանն ուղղված անելիքներ կան: Այդ առումով նա կարեւորել է այցի շրջանակում նախատեսվող համաձայնագրի ստորագրումը՝ ուղղված երկու երկրների միջեւ քրեական գործերով փոխադարձ իրավական օգնության տրամադրմանը:

Հանդիպման ընթացքում ՀՀ արդարադատության նախարարն իր գործընկերոջ հետ անդրադարձել է ՀՀ-ում սահմանադրական բարեփոխումներից հետո իրավական ակտերում նախատեսվող փոփոխություններին, Պրոբացիոն ծառայության ներդրմանն ու այլ հարցերի:

Հանդիպմանը մասնակցել են նաեւ Հայաստանի եւ Քուվեյթի արդարադատության նախարարությունների աշխատակիցները, ինչպես նաեւ Քուվեյթում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆադեյ Չարչօղլյանն ու ՀՀ-ում Քուվեյթի արտակարգ եւ լիազոր դեսպան Բասսամ Մուհամմադ Ալ Քաբանդին: