1980 թվականից ի վեր Եվրոպայի օդանավակայաններում, մետրոյի եւ երկաթուղային կայարաններում 15 խոշոր ահաբեկչություն է իրականացվել: Այս մասին գրում է ֆրանսիական Le Figaro պարբերականը: Ներկայացնում ենք հրապարակված ժամանակագրությունը.

1980թ., օգոստոսի 2, Բոլոնիայի կայարան -XX դարի խոշորագույն ահաբեկչությունը Եվրոպայում: 85 մարդ զոհվեց, ավելի քան 200-ը՝ վիրավորվեց: Հանցագործության մեջ մեղադրեցին մասոնական Propaganda Due-ից մագիստրոսի եւ իտալական հատուկ ծառայությունների երկու սպայի:

1981թ., ապրիլի 16, Այաչչոյի օդանավակայան (Կորսիկա, Ֆրանսիա) - Ահաբեկչություն Ֆրանսիայի նախագահ Ժիսկար դ՛Էստենի ժամանման շեմին: Պայթյունի հետեւանքով 1 մարդ զոհվեց, 8-ը՝ վիրավորվեց:

1983թ., հուլիսի 15, Փարիզ-Օռլի օդանավակայան - Turkish Airlines-ի գրանցման կետում պայթյուն որոտաց: Կազմակերպիչն ASALA-ն էր: Պայթյունի արդյունքում 8 մարդ զոհվեց. 2 թուրք, 4 ֆրանսիացի, 1 ամերիկացի ե 1 շվեդ:

1983թ., դեկտեմբերի 31 - երկու պայթյուն որոտաց Մարսելի Սեն Շառլ երկաթուղային կայարանում եւ Մարսել-Փարիզ ճեպընթացում: Արդյունքում՝ 5 զոհ եւ 45 վիրավոր:

1985թ., հունիսի 19, Ֆրանկֆուրտի օդանավակայան - Ռումբի պայթյունի հետեւանքով 3 մարդ զոհվեց, 32-ը՝ վիրավորվեց:

1985թ., դեկտեմբերի 25, Հռոմի եւ Վիեննայի օդանավակայաններ - ՖԱԹՀ-ի ահաբեկիչները կրակ բացեցին մարդկանց ուղղությամբ եւ նռնակներ նետեցին: Հռոմում 16 մարդ զոհվեց, 99-ը՝ վիրավորվեց, Վիեննայում 9 զոհ, 39 վիրավոր գրանցվեց:

1995թ., հուլիսի 25 - Փարիզի Սեն Միշել կայարանում 8 մարդ զոհվեց, 117-ը՝ վիրավորվեց: Ահաբեկչության պատասխանանտվությունը ստանձնեց Ալժիրի զինված իսլամիստական խումբը:

1996թ., հունիսի 11, Մոսկվայի մետրո - Ռումբի պայթյունի հետեւանքով 4 զոհ եւ 14 վիրավոր գրանցվեց: Հանցագործությունը վերագրեցին չեչեն ահաբեկիչներին:

1996թ., դեկտեմբերի 3, Փարիզի մետրո - Պայթուցիկով լիցքավորված գազի բալոնը պայթեց Սեն Ռեմի-դե Շեւրյոզ էլեկտրական գնացքի գծի վրա: Արդյունքում 4 մարդ զոհվեց, 91-ը՝ վիրավորվեց: Ոչ ոք չստանձնեց ահաբեկչության պատասխանատվությունը:

2004թ., փետրվարի 6, Մոսկվայի մետրո - Կարաչաեւո-Չերկեսիայի մահապարտն իրեն պայթեցրեց մետրոյի «Ավտոզավոդսկայա» եւ «Պավելեցկայա» կայարանների միջեւ ընթացող գնացքում: 42 մարդ զոհվեց, 250-ը՝ վիրավորվեց:

2004թ., մարտի 11 - 10 պայթյուն 3 կայարաններում եւ 1 գնացքում: 191 զոհ եւ 1858 վիրավոր գրանցվեց: Ահաբեկչությունը կազմակերպել էին «Ալ Քաիդա»-ի հետ կապ ունեցող մարոկկացի իսլամականները:

2005թ., հուլիսի 7, Լոնդոն - 4 ահաբեկչություն մետրոյում եւ ավտոբուսներում: 56 զոհ եւ 700 վիրավոր գրանցվեց: Պատասխանատվությունը ստանձնեց «Ալ Քաիդա»-ի հետ կապ ունեցող խմբավորումը:

2005թ., հուլիսի 21, Լոնդոն - 4 ահաբեկչությունների փորձերը խափանեցին հասարակական տրանսպորտի գործունեությունը: Զոհեր չեղան:

2006թ., դեկտեմբերի 30, Մադրիդ - Բասկերի ETA խմբավորման ահաբեկչությունը Բարախաս օդանավակայանում: Արդյունքում՝ 2 զոհ եւ 19 վիրավոր:

2010թ., մարտի 29, Մոսկվայի մետրո - 2 պայթյուն մետրոյում, որը վերագրեցին ահաբեկիչ Դոկ Ումարովին: Արդյունքում 39 մարդ զոհվեց, 102-ը՝ վիրավորվեց:

2011թ., հունվարի 24, Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայան - ահաբեկչություն ուղեբեռի ստացման գոտում: Այն վերագրվեց Դոկ Ումարովին: Այս ահաբեկչության հետեւանքով 35 մարդ զոհվեց, ավելի քան 180-ը՝ վիրավորվեց: