ԱՄՆ նախագահի՝ Դեմոկրատական կուսակցության անունից առաջադրված թեկնածու Բեռնի Սանդերսը Յուտայի նահանգում հաղթանակ է տարել ներկուսակցական ընտրություններում։
Այս պահի դրությամբ Սանդերսը հաղթում է 9 նահանգներում, իսկ նրա գլխավոր մրցակից Հիլարի Քլինթոնը՝ 15, հայտնում է BBC-ն։
Քլինթոնն իր վերջին հաղթանակը տարել էր մի քանի ժամ առաջ Արիզոնայի փրայմերիզի արդյունքներում, որտեղ հանրապետականներից հաղթել է Դոնալդ Թրամփը։ Առաջիկայում հայտնի կդառնան Այդախոյի նահանգում դեմոկրատների ներկուսակցական ընտրությունների արդյունքները։
Փրայմերիզների ու կոկուսների ժամանակ ընտրվում են կուսակցությունների համազգային համագումարի պատվիրակները, որոնք պաշտոնապես թեկնածուներ կառաջադրեն նոյեմբերի 8-ին կայանալիք ԱՄՆ նախագահի ընտրություններում։
Փրայմերիզները կազմակերպում են նահանգի իշխանությունները, իսկ կոկուսները ներկուսակցական ոչ ֆորմալ հանդիպումներ են։




























