Սուրբ Զատիկը ադամական մեղքից եւ չարի իշխանությունից ազատվելու խորհուրդ ունի: Այս մասին այսօր` մարտի 26-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Արարատյան հայրապետական թեմի Էրեբունի համայնքի հոգեւոր հովիվ Տեր Զգոն քահանա Աբրահամյանը:
«Սուրբ Հարության տոնը մեր քրիստոնյա աշխարհի համար առաջին տոնն է, որը համամարդկային նշանակություն ունի: Այն հոգու փրկության երկրային տոն է: Պետք է ուրախանանք, որ ժառանգեցինք հավիտենական կյանք»,- նշեց նա:
Քահանայի խոսքով` Քրիստոսի Հարության տոնը տարբեր ժամանակներում տարբեր կերպ է նշվել քրիստոնյաների կողմից, սակայն տոնի գլխավոր խորհրդանիշները մինչ այսօր էլ պահպանվել են:
Տեր Զգոն քահանա Աբրահամյանը նշեց, որ Զատկի ձուն ցանկալի է ներկել միայն կարմիր գույնով, որպեսզի դրա խորհուրդը պահպանվի: Կարմիր ձուն խորհրդանշում է Քրիստոսի արյունը, իսկ ձուն կոտրելով Հարության խորհուրդն ենք հայտնում: Զատկի սեղանի բրինձը մաքրության եւ սրբության խորհրդանիշն է, իսկ միջի քաղցրեղենը Քրիստոսի բերած աստվածային քաղցրության խորհրդանիշը:
Ըստ քահանայի Սուրբ Զատկին նախորդող Պահքի ավարտը կազդարարվի այսօր երեկոյան:
«Պահքն ավարտվում է այսօր երեկոյան: Պատարագը հիմնականում բոլոր եկեղեցիներում սկսվում է 17:00-ին: Պատարագին հաղորդություն ստանալով ավարտում ենք Պահոց շրջանը»,-ասաց քահանան:
Տեր Զգոն քահանա Աբրահամյանը շնորհավորեց բոլորի Սուրբ Զատիկը` մաղթելով վստահել Աստծուն եւ ապավինել հավիտենական կյանքին, որը Քրիստոսն իր կրած չարչարանքներով եւ Հարությամբ մեզ ժառանգեց:
Նա վերջում ուրախությամբ նշեց, որ վերջին շրջանում տարբեր եկեղեցական տոների պատարագներին եկող հայերը հոգեւոր գրագիտությամբ են լեցուն, եւ հստակ պատկերացնում են խորհուրդների նպատակը:





























