Բրյուսելին հասցված հարվածը ոչ թե Բելգիային, այլ ՆԱՏՕ-ին, Եվրամիությանը, Եվրոպայի կենտրոնին ուղղված հարված էր: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց գերմանացի քաղաքագետ Ալեքսանդր Ռարը:

Ըստ նրա, մի կողմից՝ հիմա բոլորը քննադատում են բելգիական ոստիկանությանը: «Հավանաբար, իսկապես բազմաթիվ հարցեր կան՝ ուղղված բելգիական ոստիկանությանը, որը նախապատրաստված չէր: Իսկապես այդպես է: Բայց, մյուս կողմից, այդպիսի ահաբեկչություններ իրականացվել են նաեւ այլ երկրներում: Այդ պատճառով հարկավոր է պայքարել ահաբեկչության դեմ, որն արմատացել է Եվրոպայում»,- նշեց Ալեքսանդր Ռարը՝ հավելելով, որ Բելգիայում զուգահեռ հասարակություն կա, որտեղ իսլամի հետեւորդներն իրենց օրենքներով են ապրում:

Հարցին, արդյո՞ք սա պատասխան էր ոչ եվրոպական տարածաշրջանում, ասեն՝ Մերձավոր Արեւելքում Եվրոպայի գործողություններին, քաղաքագետը պատասխանեց. «Կարծում եմ՝ ահաբեկչություններն ուղղված էին այն բոլոր երկրների դեմ, որոնք պատերազմում են «Իսլամական պետության» հետ: Դա հիմնականում ԱՄՆ-ն է, որը նույնպես լիարժեք պաշտպանված չէ այդ ահաբեկչություններից, դա Ֆրանսիան է, Գերմանիան, Անգլիան: Ռուսաստանը հիմա կարծես դադարեցրել է Սիրիայում ռազմական գործողությունները: Ինձ թվում է՝ դա ուղղված է բոլոր պետությունների դեմ, որոնք կողմ են արեւմտյան եվրոպական արժեքներին»,- ամփոփեց Ալեքսանդր Ռարը:

Հիշեցնենք, որ մարտի 22-ին Բրյուսելում պայթյունների շարք գրանցվեց. երկուսը՝ օդանավակայանում, մեկը՝ մետրոյի կայարաններից մեկում: Պաշտոնական տվյալներով, ահաբեկչությունների հետեւանքով 32 մարդ զոհվեց, 316-ը՝ վիրավորվեց: Դրանց պատասխանատվությունը ստանձնեց «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: