Բելգիայի իշխանությունները երկրի բնակիչներին կոչ են արել, անվտանգության նկատառումներից ելնելով, չմասնակցել «Ընդդեմ վախի» երթին, հայտնում է RTBF հեռուստառադիոընկերությունը՝ մեջբերելով երկրի ՆԳ նախարար Յան Յամբոնի եւ Բրյուսելի քաղաքապետ Իվան Մայերի խոսքը:
Երթը պլանավորված է մարտի 27-ին:
Հեռուստաալիքը պնդում է, որ երթին չմասնակցելու կոչը պայմանավորված է անվտանգության միջոցներն ապահովելու նպատակով ոստիկանական ուժերը մոբիլիզացնելու անհրաժեշտությամբ, քանի որ երկրում պահպանվում է ահաբեկչական սպառնալիքի 3-րդ աստիճանը:
«Հաշվի առնելով, որ երկրում պահպանվում է ահաբեկչական սպառնալիքի 3-րդ աստիճանը, հետաքննություն է ընթանում, մոբիլիզացված են ոստիկանության ուժերը՝ մենք ուզում ենք խնդրել քաղաքացիներին չմասնակցել վաղվա ցույցին»,- ասել է Մայերը մամուլի ասուլիսի ժամանակ:





























