Բրյուսելի միջազգային օդանավակայանի աշխատանքի վերսկսման ամսաթիվը դեռ որոշված չէ: Մարտի 29-ին այնտեղ վնասի վերացման աշխատանքների արդյունքների ստուգում պետք է կատարվի, հաղորդում է օդանավակայանի կայքը:
Հայտարարության համաձայն, վերանորոգման աշխատանքների ժամանակ, որոնք սկսվել են մարտի 24-ին, երկրի իշխանությունների պահանջով նաեւ անվտանգության լրացուցիչ միջոցառումներ են իրականացվում:
«Այս երեքշաբթի ժամանակավոր կառուցվածքների տեսչական ստուգումներ կանցկացվեն, այդ թվում հրդեհային անվտանգության առումով: Ուղեւորահոսքի ռեժիմով աշխատանքը ստուգելու համար, օդանավակայանում մարտի 29-ին, 800 աշխատակիցների մասնակցությամբ ստուգում կկազմակերպվի»,-ասված է հաղորդագրությունում:
Ստուգմանը կօժանդակեն Բելգիայի դաշնային ոստիկանությունն ու քաղավիացիայի համար պատասխանատու ծառայությունը: Դրանից հետո օդանավակայանի աշխատանքը վերսկսելու համար անհրաժեշտ կլինի երկրի իշխանությունների հավանությունը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ 2016թ. մարտի 22-ին՝ տեղական ժամանակով ժամը 08։00-ին, Բրյուսելի օդանավակայանում 2 պայթյուն էր որոտացել։ Եվս երկու պայթյուն հնչել էր մետրոպոլիտենի Մելբեկ եւ Շուման կայարաններում։





























