«Այլընտրանք Գերմանիայի համար» ծայրահեղ աջ կուսակցության որոշ անդամներ առաջարկել են փակել երկրի բոլոր մզկիթները, գրում է Focus–ը:

Նման առաջարկով են հանդես եկել Ստորին Բավարիայի քաղաքական գործիչները: Նրանք կազմել են կուսակցության ծրագրին առընթեր 45 էջանոց նախագիծ, որում հատուկ ուշադրոթյուն են դարձրել Գերմանիայում իսլամիզմի տարածման հարցին:

Փաստաթղթում մասնավորապես ասվում է, որ իսլամը ոչ մի առնչություն չունի Գերմանիայի հետ: Ավելին, այս պահին մզկիթները ամենեւին էլ աղոթքին չեն ծառայում, այլ արմատական իսլամիզմի տարածմանը:

Քաղաքական գործիչները նաեւ առաջարկում են փոխել հավատքի ազատության մասին Գերմանիայի սահմանադրության հոդվածը, քանի որ համարում են, որ տվյալ հոդվածը հաշվի չի առնում, որ կան կրոններ, որոնք հանցագործություններ ու համաշխարհային տիրապետություն են քարոզում:

Պարբերականը նշում է, որ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության Բավարիայի ներկայացուցչության ղեկավար Պյոտր Բիստրոնը զերծ է մնացել փաստաթղթի մասին մեկնաբանություններից: Նախագիծը քննարկվելու է կուսակցական համագումարում, որը ծրագրված է ապրիլի վերջին: