Միջազգային հանրության կողմից չճանաչված Տրիպոլիի ազգային փրկության իսլամիստական կառավարությունը հրաժարվել է իշխանությունից:

Այս մասին Sky News Arabia-ին հղումով, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Նշենք, որ մարտի 30-ին ՄԱԿ-ի աջակցությունը վայելող Լիբիայի ազգային համաձայնության կառավարության ղեկավար, գործարար Ֆաիզ Սարաջը իր կաբինետով ժամանանել էր Տրիպոլի, որտեղ իշխանությունը գտնվում էր Խալիֆ ալ-Գվեյլի իսլամիստական կառավարության ձեռքում: Այս հանգամանքը Լիբիան կրկին կանգնեցրել էր քաղաքական սուր ճգնաժամի առջեւ: Սակայն ավելի ուշ հայտնի էր դարձել, որ ալ-Գվեյլը լքել էր Տրիպոլին՝ իր համախոհների հետ տեղափոխվելով Միսուրատ, իսկ ՄԱԿ-ի հավանությունն ունեցող նոր իշխանությունը ճանաչվել էր երկրի 10 վարչական տարածքների իշխանությունների կողմից:

Ավելի վաղ լրատվական գործակալությունները տեղեկացրել էին, որ ապրիլի 4-ին Լիբիա է ժամանել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Մարտին Կոբլերը՝ հանդիպելու Սարաջի ղեկավարած կառավարությանը: