Բրյուսելի օդանավակայանում ահաբեկչություն իրականացրած մահապարտներից մեկը նախկինում Եվրախորհրդարանում հավաքարար է աշխատել: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Ժաումե Դուխը:

«Բրյուսելի ահաբեկիչներից մեկը 2009 եւ 2010 թվականներին մեկ ամիս աշխատել է մաքրությամբ զբաղվող կազմակերպություններից մեկում, որն այդ ժամանակ պայմանագիր է ունեցել Եվրախորհրդարանի հետ»,- ԵՀ ներկայացուցչի խոսքերն է վկայակոչում Reuters-ը:

Նա անուն չի նշել, սակայն ԵՄ-ի աղբյուրը տեղեկացրել է, որը խոսքը 25-ամյա Նաջիմ Լաաշրաուիի մասին է, որն իրեն պայթեցրել է Բրյուսելի միջազգային օդանավակայանում: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

Հիշեցնենք, որ մարտի 22-ի առավոտյան Բրյուսելի օդանավակայանում եւ մետրոյի կայարաններից մեկում ահաբեկչություններ գրանցվեցին: Հարձակումների հետեւանքով 32 մարդ զոհվեց, ավելի քան 300-ը՝ վիրավորվեց: