Դանիայում ապաստան ստանալու ցանկություն ունեցող փախստականները գնալով ավելի հաճախակի են հրաժարվում իսլամից եւ անցնում քրիստոնեության, գրում է La Tribune de Genève-ն։
Փախստական քրիստոնյաներին օգնության Folkekirkens Asylsamarbejde կազմակերպության տվյալներով, անցյալ տարվա վերջից առնվազն 100 իրանցի մկրտվել է, եւս 250–300 փախստական մկրտությանը նախապատրաստության դասընթաց է անցնում, միաժամանակ նրանց մեծ մասը իրանցիներ եւ աֆղանստանցիներ են:
Ըստ երեւույթին, շատ փախստականներ քրիստոնեություն են ընդունում` հուսալով ապաստան ստանալու ավելի հեշտ ընթացակարգ անցնել, գրում է պարբերականը: Սակայն դեպքերը տարբեր են լինում: Քահանա Անդրեաս Ռասմուսենը վստահ է, որ «քրիստոնեություն դավանել ցանկացողների մեծամասնությունն անկեղծ է, նրանք կանոնավոր կերպով եկեղեցի են հաճախում եւ ակտիվորեն մասնակցում են մկրտության նախապատրաստության դասընթացին»:
«Մկրտությանը նախապատրաստության դասընթացը, որն ամիսներ է տեւում, վախեցնում է կեղծ նորահավատներին: Քրիստոնեության ընդունումը ապաստանի ստացում չի երաշխավորում», — համոզված է քահանան:
Այնուամենայնիվ, նորահավատ փախստականները քննիչների կասկածելի վերաբերմունքին են արժանանում: Ավելին, ինչպես թերթին պատմել են Կոպենհագենի եկեղեցիներից մեկի հոգեւորականները, նման ներգաղթյալներից ոմանք մահմեդականների կողմից հետապնդումների, հոգեբանական եւ ֆիզիկական բռնության են ենթարկվում փախստականների օթեւաններում:




























