«Ինձ համար Եվրատեսիլում 7-րդ տեղ զբաղեցնելը հաջողություն է: Ես մրցույթի վիճակահանության ժամանակ 21 թիվը հանեցի, իսկ դա, ինչպես հայտնի է, հաղթական միավոր է: Դա եղավ իմ առաջին նվաճումը, իսկ երկրորդ նվաճումը 7 թիվն էր, որը երջանիկ թիվ է ինձ համար»,- այս մասին սեպտեմբերի 26-ին մոսկովյան հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում ասել է Եվա Ռիվասը: Պատասխանելով հարցին, թե իրեն ավելի շատ ի՞նչ կարգավիճակում է զգում՝ մոդե՞լ, թե՞ երգչուհի, Ռիվասը պատասխանել է, որ իրեն զգում է որպես իսկական կին: «Մոդելային բիզնեսով ես վաղուց չեմ զբաղվում, դա մնացել է մանուկ հասակում: 12 տարեկանում ես արդեն 180 սանտիմետր հասակ ունեի, եւ կարող էի հանգիստ վայելել կյանքը, սակայն ծնողներիս հսկողության տակ: Այդ պատճառով էլ այդ ժամանակ մոդելային բիզնեսն ինձ համար եկամտի աղբյուր չէր: Իսկ այժմ վոկալն ու էստրադան իմ կյանքն ու իմ վայելքն են: Իսկ եկամտի աղբյուրը ինձ համար երկրորդ պլան է մղվում»:
Անդրառնալով նրան, որ Եվրատեսիլի ընտրական փուլի արդյունքները չեն գոհացրել շատերին, Ռիվասն արձագանքել է. «Ոչ ոք դատարան չի դիմել եւ չի բողոքել քվեարկության արդյունքների դեմ: Հարցի պատասխանը կարող եք գտնել Երեւանի փողոցներում՝ ում հարցնում ես, գոհ է, որ Հայաստանը «Եվրատեսիլ-2010»-ում ներկայացրել եմ ես»: Պատասխանելով հարցին, թե եթե Հայաստանում չստացվի կարիերա անել, արդյոք իրեն կփորձի՞ հունական շոու-բիզնեսում, հաշվի առնելով այն փաստը, որ իր երակներում հունական արյուն է հոսում, Ռիվասն արձագանքել է, թե շատ է սիրում Հայաստանը, եւ Հայաստանն էլ իրեն է սիրում: «Ես ամեն ինչ անում եմ, որ այդ սերն ամրապնդվի: Ես կարող եմ երգել հունարեն, հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն: Ես նույնիսկ իտալերենով երգեր ունեմ, եւ դա չի նշանակում, որ ամեն մի երկրում պապիկ կամ տատիկ կգտնեմ»,-նշել է Ռիվասը:
Անդրադառնալով հայկական շոու-բիզնեսին, Ռիվասը նշել է, որ Հայաստանում չկա նոր երաժշտական ուղղություն, չկա նաեւ հին ուղղությունը: «Անձամբ ես հին հայացքներ ունեմ, ես սիրում եմ մշակույթ, լսում եմ այն երգերը, որոնք լսել են իմ տատիկներն ու պապիկները: Հենց դա է, որ 100 տարի անց էլ կլինի ամենամոդայիկն ու կգնահատվի, քանի որ հայն այն ժողովուրդն է, որն ապավինում է իր պատմությանը»: Պատասխանելով հարցին, թե ճի՞շտ է, որ «Ծիրանի կորիզ» երգում օգտագործված են ադրբեջանական ու թուրքական մոտիվներ, Ռիվասն ասել է, եթե նման բան լիներ, ապա իրեն թույլ չէին տա մասնակցել Եվրատեսիլին:



























