Բունդեսթագում Քրիստոնեա-սոցիալիստական միության պատգամավոր Ալեքսանդեր Ռադվանը առաջարկել է Գերմանիայում բնակվող մուսուլմաններից հատուկ հարկ գանձել կրոնական ծիսակատարությունների համար: Նա այս մասին հայտնել է Süddeutsche Zeitung թերթում հրապարակված հարցազրույցում:
Մինչ այս Ռադվանի կուսակից, ՔՍՄ գլխավոր քարտուղար Անդրեաս Շոյերն առաջարկել էր ընդունել օրենք, որը կարգելեր Գերմանիայում այլ պետությունների կողմից մզկիթների ֆինանսավորումը, քանի որ դա նրա կարծիքով խոչընդոտում է գերմանական հասարակությունում օտարերկրացիների ինտեգրմանը: «Եթե արտասահմանից մզկիթների ֆինանսավորումը դադարեցնենք, ապա բնականաբար պետք է դրանց ֆինանսավորումը տեղում իրականացնենք»,- ասել է Ռադվանը: Նրա խոսքով դա կարելի է իրականացնել «կաթոլիկների ու բողոքականների համար արդեն գոյություն ունեցող եկեղեցական հարկի նմանությամբ»:
Հիմա Գերմանիայում, «նոր ալիքի» փախսականներին չհաշված, 3.8-ից 4.3 մլն մուսուլման է ապրում, ինչը կազմում է բնակչության 5 տոկոսը: Նրանց մոտավորապես 65 տոկոսը սուննի է, 7 տոկոսը՝ շիա, 13 տոկոսը ալավի։




























