Ֆրանսիան պիտի ապրիլի 24-ը պետական մակարդակով հիշատակի օր հայտարարի: Այդ մասին ասված է Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Մարի-Առլետ Կառլոտտիի ուղերձում, որն ուղղված է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին եւ հրապարակվել է ֆրանսիական Nouvelles d’Armenie պարբերականում:

Ուղերձում ասված է.

«Պարոն նախագահ,

Ֆրանսիայում ամենուր հավաքվում են` հիշատակելու երիտթուրքերի ձեռքով հայերի ցեղասպանության 101-րդ տարելիցը:

Բայց ամբողջ Ֆրանսիան պիտի հիշատակի ապրիլի 24-ն իր կոլեկտիվ հիշողության մեջ: Դա պիտի հուզի ոչ միայն հայերին, այլեւ բոլոր ֆրանսիացիներին:   

Ամբողջ հանրապետությունը պիտի հավաքվի եւ հիշատակի այդ հանցագործությունը: 

Զոհերի հիշատակը, ինչպես նաեւ մեր նվիրվածությունը պատմական փաստերի ճանաչմանը բոլոր ֆրանսիացիներին պարտավորեցնում են միասնական պատասխան տալ»: 

Ցույց տալու համար, որ մենք երբեք չենք մոռանա, Ձեզ խնդրում եմ, պարոն Նախագահ, ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակման պետական օր հայտարարել:   

Հիշողության մեր պարտքը դրանից միայն կուժեղանա»: