Ադրբեջանցի լրագրող Խադիջա Իսմայիլովան ՅՈՒՆԵՍԿՈ-ի Մամուլի ազատության համաշխարհային մրցանակի դափնեկիր է հայտարարվել:   

Իսմայիլովային Ադրբեջանում շարունակում են բանտում պահել իշխանական  շրջանակներում կոռուպցիայի մասին հոդվածների համար: «Ազատ մամուլից մարդիկ հասկանում են, թե որտեղ է ճշմարտությունը», - հայտնել է Լրագրողների ազատության եւ անվտանգության ինստիտուտի տնօրեն, ադրբեջանցի լրագրող Էմին Հուսեյնովը:

«Խադիջայի աշխատանքը շատ կարեւոր է, եւ մարդիկ պիտի իմանան նրա մասին: Միջազգային կազմակերպությունները պիտի կոնկրետ քայլեր ձեռք առնեն ազատ մամուլի եւ տեղեկությունների հասանելիության մշակույթի զարգացման առումով: Հակառակ դեպքում կմնա քարոզչությունը եւ մանիպուլյացիաները», - հավելել է նա:

Մամուլի ազատության համաշխարհային օրվա առիթով  18 միջազգային ՀԿ դատապարտել է Ադրբեջանի իշխանությունների բռնաճնշումները անկախ լրագրողների եւ քաղաքացիական հասարակության նկատմամբ: Նրանք կոչ են արել անհապաղ ազատ արձակել Իսմայիլովային եւ Ադրբեջանի մյուս քաղբանտարկյալներին: