Վերջերս հրապարակված տեղեկության համաձայն, անասնաբուժության մեջ մենք ակնհայտ առաջընթաց ունենք: Երկարաժամկետ միտումներն ի հայտ բերելու համար համեմատենք վերջին տասը տարիների տվյալները հունվարի  1-ի դրությամբ: Այս ժամանակաշրջանում խոշոր եղջերավոր անասունների թիվն աճել է գրեթե   20 տոկոսով, խոզերինը` մոտ մեկ երրորդով, ոչխարներինը եւ այծերինը` դարձյալ մեկ երրորդով: 

Բայց ընտանի կենդանիների գլխաքանակը, մեկ տնտեսության հաշվարկով, մեծ չէ: Այսպես, ԽԵԱ-ի առումով ցուցանիշը երկրում միջինը 2 միավոր է կազմում: Պարզ է, որ միջին մեծությունը բացահայտում է տնտեսությունների տարբերությունները: Մեկը մի ամբողջ հոտ ունի, մյուսները` զրո: Ընդհանուր առմամբ չենք կարող խոսել ոլորտի ինդուստրիալացման մասին:   

Մեր «միջին» ֆերմերի համար դժվար է  ընտանի կենդանիներ պահելը, երբ կերի խնդիրներ կան, ինչպես նաեւ կենդանիների հիվանդություններ: Հիշեցնենք աֆրիկյան խոզի ժանտախտի համաճարակը ոչ հեռու անցյալում, ինչպես նաեւ բրուցելոզի հազվադեպ բռնկումները: 

Երբեմն պնդում են, որ մեզ մոտ ապրանքներն ավելի էժան են, քան այլ երկրներում: Սակայն գների մեխանիկական համեմատությունը թաքցնում է իրերի իրական վիճակը: Սպառողական ծախսերը համեմատենք մանրածախ գնի հետ, ասենք` տավարի մսի:  2014-ի տվյալներով, մեր բնակչության  20 տոկոսի մոտ   արդյունաբերական ապրանքների դրամական ծախսերը մեկ հոգու համար ամսական միջինը 8 հազարից պակաս են կազմել (նշենք, որ պաշտոնական վիճակագրությունը այդ ցուցանիշում ներառում է նաեւ ալկոհոլային խմիչքների ծախսերը): Դա օրական 270 դրամից պակաս է, որով կարելի է կես կգ-ից մի քիչ ավելի հաց գնել: Այսինքն` այդ մթերքի օգտագործման օրական նորման: 

Միաժամանակ 1 կգ տավարի մսի գինը այս տարի հասել է համարյա  2,5 հազար դրամի: Պարզ է, եթե հանենք գործնականում անփոխարինելի հացի վրա ծախսերը, մսի (ինչպես նաեւ այլ մթերքների) ձեռք բերման փող չի մնա: Հաշվի առնենք նաեւ, որ նույն  «միջին» ցուցանիշը նշանակում է, որ կան նաեւ ավելի ցածր եկամուտներով ընտանիքներ:  Ասվածին հավելենք, որ վերջին երկու տարվա ընթացքում տրանսֆերտների կրճատումը երկրի բնակչության մի մասի եկամտի  նկատելի կրճատման է հանգեցրել (այստեղից էլ` ծախսերի):  

Որպես ամփոփում որոշ փաստեր նշենք, որոնք հերքում են տեղական մսի  «էժանության» վերաբերյալ կարծիքը: Գաղտնիք չէ, որ հայրենական մսի կոմբինատները հաճախ որպես հումք են օգտագործում գոմեշների միսը: Նման նախընտրության պատճառը  պարզ է. ներկրված գոմեշի միսը տավարի մսից ավելի էժան է: Այսպես, անցյալ տարի Հնդկաստանից ներմուծվել է համարյա    2,2 հազար տ այդպիսի միս, մաքսային 2,64 դոլար (1,3 հազար դրամից պակաս) գնով մեկ կգ-ի դիմաց: Նույն ժամանակահատվածում ներմուծվել է ավելի քան  6,4 հազար տ. սառեցված խոզի միս, հիմնականում` հեռավոր Բրազիլիայից: Միաժամանակ մթերքի մաքսային գինը կազմել է  2,26 դոլար (1 հազար դրամից մի քիչ ավելի) մեկ կգ-ի դիմաց:

Սմբատ Գրիգորյան