Թուրքիայում պալատական հեղաշրջման արդյունքում կուսակցության ղեկավարի ու վարչապետի պաշտոնից հրաժարվելու մասին հայտնած Ահմեդ Դավութօղլուն իր ժամանակը նվիրելու է գիրք գրելուն։
Թուրքական Sozcu պարբերականը գրել է Ահմեդ Դավութօղլուի հետագա գործունեության մասին՝ նշելով, որ հայտնի է դարձել, թե Դավութօղլուն առաջիկայում տեղափոխվելու է Ստամբուլ։
«Մայիսի 22-ին «Արդարություն եւ զարգացում» կուսակցության արտահերթ համագումարից հետո Դավութօղլուն Անկարայից տեղափոխվելու է Ստամբուլ, որտեղ նախատեսում է նաեւ տուն գնել։
Դավութօղլուն սկզբնական շրջանում ընտանիքի հետ հանգիստն անցկացնելուց հետո ձեռնամուխ է լինելու նոր գիրք գրելուն։ Դավութօղլուն շարունակելու է որպես պատգամավոր մասնակցել մեջլիսի աշխատանքներին։
Դավութօղլուն Աբդուլլահ Գյուլի պես քաղաքականությանը միայն հեռվից է հետեւելու եւ կաշխատի մի քանի խորհրդականների հետ։
Այն հարցին, թե 2019-ի խորհրդարանական ընտրություններին Դավութօղլուն պատգամավորի թեկնածություն կառաջադրի՞, նա շեշտել է, թե դեռ վաղ է այդ մասին խոսել»,-գրել է Sozcu պարբերականը։
Հիշեցնենք, որ Դավութօղլուն մայիսի 5-ին հայտարարել էր պարտադրված հրաժարականի մասին։ Նա կպաշտոնավարի մինչեւ մայիսի 22-ը։





























