Իրաքում եզդիների վիճակը շարունակում է  ծանր մնալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց  «Շամս» մարդասիրական ՀԿ-ի նախագահ Ռուստամ Բաքոյանը՝ նշելով, որ Քրդական ինքնավարության տակ գտնվող շրջաններում եզդի փախստականների ճամբարներում վիճակը ծայրահեղ ծանր է:

«Հատկապես քրդերի վերահսկողություն տակ գտնվող  Շեյխանի հատվածում եզդի փախստականների վիճակը ծանր է: Ճամբարներում գտնվող եզդիները մեզ են դիմում, որպեսզի օգնություն ցուցաբերենք, սակայն, քրդերը խոչընդոտում են, թույլ չեն տալիս, որ եզդիական ճամբար գնանք, կամ Շանգյալի այն հատվածներ, որոնք ազատագրվել են եւ գտնվում են քրդերի հսկողության տակ: Թույլ չեն տալիս, որովհետեւ  վտանգ են զգում՝ եզդիները կարող են ավելի ընդլայնել իրենց սահմանը եւ եթե եզդիական ուժերն ավելանան՝ իրենց համար խնդիր կլինի՝ Քրդական ինքնավարությունը ցանկանում է իր տարածքներում ընդգրկել նաեւ  եզդիական տարածքները, իսկ եզդիական զինված ուժերը դեմ են՝ ցանկանում են Շանգյալի շրջանում անվտանգության գոտի ստեղծվի կամ եզդիական ինքնավարություն»,-ասաց նա:

Ռուստամ Բաքոյանի խոսքով՝ Իրաքի եզդիական գյուղերը վերջին օրերին «Իսլամական պետության» գրոհայինների կողմից հարձակման են ենթարկվել, սակայն եզդիական ուժերը կարողացել են հետ մղել նրանց. «Միջազգային  հանրությունն ինչքանով 1915թ. օգնեց հայերին, այնքան էլ այժմ եզդիներին է օգնում, կարելի է ասել, որ եզդիների ցեղասպանությունը դեռ շարունակվում եւ եւ վերջին ժամանակաշրջանում ռուսական ուժերի դուս բերումից հետո իսլամիստների կողմից հարձակումներն ավելացել են եւ եզդիները կրկին վտանգի տակ են: Այս պահին գրոհայինների մոտ է գտնվում շուրջ 3000 եզդի գերի, կին գերիներին Սիրիայի Ռաքա, Իրաքի Մոսուլ քաղաքներում, Սաուդյան Արաբիայում վաճառում են, նույնիսկ համացանցում ցուցակ կա՝ մայրը աղջկա հետ ինչ արժե, կամ երկու քույրը, գները տատանվում են ըստ տարիքի եւ մարմնի գույնի»:

Նշենք, որ «Իսլամական պետությունը» Իրաքի հյուսիսում գտնվող Քրդական ինքնավարության Շանգալ շրջանում ապրող եզդի ժողովրդի նկատմամբ 2014 թվականի օգոստոսի 3-ից ցեղասպանություն է իրականացնում:

2014թ. օգոստոսի 3-ը համարվում է Սինջարիի կոտորածների սկիզբը: Այդ օրվանից «Իսլամական պետությունը» սկսեց Իրաքի Քրդական ինքնավարության Սինջարի շրջանում եւ հարակից քաղաքներում եզդիների սպանդը, ինչի հետեւանքով սպանվեց մի քանի հազար եզդի: Օգոստոսի 8-ին ԱՄՆ-ն օդային հարվածներ հասցրեց ԻՊ դիրքերին, ինչը հանգեցրեց ԻՊ-ի դեմ մի քանի երկրների պատերազմի: Քրդերի եւ ամերիկյան ուժերի օգնությամբ մոտ 50 հազար եզդի կարողացավ տարհանվել եւ տեղափոխվել Սինջարի լեռներ: