Լոռու մարզի Շնող գյուղում այսօր՝ մայիսի 10-ին, տանն առաջացած հրդեհից մահացած 56-ամյա կինը հոգեկան շեղումներ է ունեցել: NEWS.am-ի հետ զրույցում Շնողի գյուղապետ Հովիկ Սահակյանը նշեց, որ պարզվել է՝ հրդեհը բռնկվել է ննջասենյակում:
«Անկողինը վառվել է, ինքն էլ հետը: Մենակ էր ապրում, ծնողները մահացել էին, եղբայրներից մեկը մահացել էր, իսկ մյուսն արտերկրում է: Իրեն էլ պարբերաբար հոգեբուժարան էին տանում, մի քիչ մնում էր, նորից վերադառնում էր»,-ասաց գյուղապետը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հայաստանի ԱԻՆ-ում մայիսի 10-ին, ժամը 02.30-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Շնող գյուղում այրվել է տուն: Պարզվել է, որ Շնող գյուղի 2-րդ փողոցի տներից մեկի ննջասենյակում մասամբ այրվել է անկողին, իսկ մահճակալի վրա հայտնաբերվել է 56-ամյա Ս. Գ.-ի այրվածքներով դին:



























