ՀՀԿ-ն գնահատում է Եվրոպական ժողովրդական կուսակցության գործընկերների արձագանքը Ղարաբաղի հարցի շուրջ։ Այս մասին մայիսի 11-ին՝ Երեւանում ԵԺԿ 40-ամյակին նվիրված միջոցառումների ժամանակ, ասել է ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերություների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը։ Նրա խոսքով՝ Ղարաբաղում Ադրբեջանի ագրեսիայի սկզբից ՀՀԿ ներկայացուցիչները շարունակել են հանդիպումները եվրոպացի գործընկերների հետ, եւ իշխող կուսակցությունը գնահատում է նրանց արձագանքը։ Իսկ ընդհանուր առմամբ ԵԺԿ-ի  հետ համագործակցության ուղղությունները շատ լայն են, հիմնականում՝ Հայաստան-ԵՄ խորհրդարանական համագործակցության շրջանակներում։ «Բավական ակտիվ զարգանում է կապը նաեւ երիտասարդական կազմակերպությունների հետ, իսկ վերջին ժամանակներս՝ նաեւ կանանց հիմնած։ Դրանց միջոցով մենք հնարավորություն ունենք մշտապես պահպանել եվրոպական մոտեցումները եւ երկխոսությունը պահել կենդանի եւ ակտիվ»,- նշել է Զաքարյանը։