Հայաստանի խորհրդարանականները միշտ էլ զգացել են Եվրոպական ժողովրդական կուսակցության աջակցությունը՝ եւ՛ Ստրասբուրգում, եւ՛ Բաքվում: Այս մասին մայիսի 11-ին ասել է քաղաքագետ, «Ժառանգություն» խմբակցության նախկին պատգամավոր Ստեփան Սաֆարյանը՝ Երեւանում «Եվրոպական ժողովրդական կուսակցության» 40-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ:
Նրա խոսքով՝ ԵԺԿ-ն, որի կազմում Հայաստանից երեք կուսակցություններ են («Հանրապետականը», «Օրինաց երկիրը» ու «Ժառանգությունը») այդ աջակցությունը ցուցաբերել է Հայաստանի համար ոչ բարենպաստ փաստաթղթերի քվեարկության ժամանակ: «Այդպես է եղել եւ՛ Ստրասբուրգում, եւ՛ Բաքվում, իմ գործընկեր պատգամավորները լավ հիշում են դա»,- հավելեց Սաֆարյանը: Կողքից այդ խնդիրները կարող են մանր ու շահադիտական թվալ, բայց երկրի համար դրանց կատարումը չափազանց կարեւոր է: «ԵԺԿ կուսակցական ընտանիքը ապացուցել է զգայունությունը Հայաստանի կուսակցական խնդիրների նկատմամբ: Իսկ մենք, մեր հերթին,ջանքեր ենք գործադրում, որ ավելի խորը ինտեգրվենք եվրոպական կուսակցական ընտանիքին՝ եւ՛ ԵԽԽՎ, եւ՛ ՆԱՏՕ-ի ԽՎ շրջանակներում (որտեղ մենք չունենք ձայնի իրավունք, բայց ուշադիր հետեւում ենք կատարվող իրադարեձություններին) եւ՛ ԵԱՀԿ ԽՎ-ում: Այս ամենը Հայաստանին մոտեցնում է Եվրոպային, իսկ Եվրոպային՝ Հայաստանին»,- նշեց Սաֆարյանը:





























