Քաղաքացի Քնարիկ Ա.-ն հայտնել է ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի աշխատակցի կողմից բռնության գործադրմամբ գումար շորթելու վերաբերյալ տվյալներ:
ՀՔԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես՝ Քնարիկ Ա.-ն հաղորդում է տվել այն մասին, որ իր ծանոթ Նարեկ Պ.-ի խնդրանքով 2016թ. ապրիլի 25-ին՝ ժամը 14:30-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում, հանդիպել է վերջինիս կնոջ՝ ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի աշխատակից Քրիստինե Հ.-ի հետ, նստել է վերջինիս մեքենան, ով անմիջապես փակել է մեքենայի դռները, գնացել ամայի տարածք: Այնուհետեւ Քրիստինե Հ.-ն մեղադրել է իրեն ամուսնու հետ սեռական հարաբերություն ունենալու, նրան սեռական հիվանդությամբ վարակելու եւ նրա միջոցով իրեն եւս վարակելու մեջ ու բուժման ծախսերի համար, իրեն սպանելու սպառնալիքով եւ իր նկատմամբ բռնություն գործադրելով, պահանջել է 100 հազար ՀՀ դրամ, սակայն ինքը տվել է 30 հազար ՀՀ դրամ, որը ստանալուց հետո միայն հիշյալ հիմնարկի աշխատակիցը թույլ է տվել իրեն հեռանալ:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ:
Նախաքննությունը շարունակվում է:



























