Ապրանքի թուրքական լինելու հանգամանքն արդեն ապրանքի մրցունակության վրա  ազդում է եւ պետք է կարողանալ ճշգրիտ գնահատել` թուրքական ապրանքի մրցունակությունը Հայաստանում: Այս մասին այսօր` մայիսի 11-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հկ նախագահ Բաբկեն Պիպոյանը` նշելով, որ այդ է պատճառը, որ այսօր Հայաստանի տնտեսվարող սուբյեկտները փորձում են թուրքական ապրանքը իրացնել ոչ որպես թուրքական` այլ որպես հայկական արտադրության ապրանք:

«Սովորական անձեռոցիկը վերափաթեթավորում եւ որպես հայկական են վաճառում, ինչու, որովհետեւ Հայաստանում անվստահություն կա թուրքական ապրանքի նկատմամբ, նշանակում է, որ թուրքական լինելով` դաշտում այդ ապրանքը խնդիր է ունեցել, չի վաճառվել: Մեր երկրում պրոբլեմների լուծումը վերահսկողությամբ չի լինում, լուրջ գործառույթներ կան անելու, պետք է վերահսկել պարենային ու ոչ պարենային ապրանքները: Հայաստանը Թուրքիայից ներկրում է մեծ քանակությամբ կարագ, եթե այդ թուրքական կարագով խմորեղեն են պատրաստում, ապա պետք է նշել, գրել թխվածքի վրա, որ թուրքական կարագով է պատրաստված»,-ասաց նա:

Բաբկեն Պիպոյանը նաեւ նշեց, որ Հայաստանում այսօր անվստահություն կա  չինական ապրանքի նկատմամբ եւ այդ պատճառով է, որ թուրքական ապրանքը մրցունակ է: Նրա խոսքով` Չինաստանից էժան հագուստ են բերում եւ վաճառում թանկ, այդպիսով հայ սպառողի մոտ տպավորություն է ստեղծվում, որ չինական բոլոր ապրանքներն անորակ են, իսկ թուրքականը որակով. «ԱՄՆ-ում չինական տեքստիլի նկատմամբ բացասական վերաբերմունք չկա, իսկ այստեղ բացասկան է, որովհետեւ Չինաստանից էժան ապրանք են բերում եւ վաճառում որպես թանկ ապրանք: Այստեղ անվստահություն կա չինականի նկատամամբ, որովհետեւ չենք վերահսկում, գալիս է ամենացածր որակը եւ վաճառվում որպես միջին որակի ապրանք: Որակի չափորոշիչների համապատասխանություն է պետք սահմանել: Բայց մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի թուրքականը մրցունակ դառնա չինականի նկատմամբ եւ սխալ տրամաբանությամբ ենք ուզում լուծել պրոբլեմը»: