Ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված եւ վիրավոր զինծառայողների՝ վարձով ապրող ընտանիքներին բնակարանով ապահովելու հարցով Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը մայիսի 10-ին, նամակով դիմել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին:

Նամակում, մասնավորապես, ասվում է. «Նախորդ գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեցիք, որ ապրիլին զոհված երեւանաբնակ 3 զինծառայողների ընտանիքներին բնակարան նվիրելու նախագծերը կներկայացվեն ավագանու առաջիկա նիստում: Ապրիլին ռազմական գործողությունների ժամանակ զոհված երեւանաբնակ զինծառայողների մասին ինձ տրամադրված տեղեկանքի համաձայն՝ իսկապես 3 զինծառայողների ընտանիքների վերաբերյալ կա նշում՝ «ապրում են վարձով», սակայն դիմել եմ նաեւ 4-րդի՝ ժամկետային զինծառայող Գրիգոր Հարությունյանի ընտանիքի համար, որոնք ապրում են Գաջեգործների փողոցի վրա գտնվող կիսախարխուլ հանրակացարանում, տրամադրել եմ նաեւ տան վիճակը փաստող բոլոր լուսանկարները:

Հույս ունեի, որ այսօրվա գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Ձեր կողմից կլիներ նաեւ վիրավորված ու հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքներին բնակարանով ապահովելու վերաբերյալ հանձնարարական, որովհետեւ Ձեր տրամադրած՝ երեւանաբնակ վիրավոր զինծառայողների մասին 06.05.2016թ. հ.04/5-25598հ թվակիր տեղեկանքում կան վարձով ապրող երկու զինծառայողի ընտանիքներ. կապիտան Արամ Աբրահամյան, որի կինը 3-րդ բալիկին է սպասում եւ հատուկ նշանակության ջոկատային Հայկ Սեխիլյան, ով երկու զավակի հայր է, ունի ողնուղեղի վնասվածք ու ակնհայտորեն դարձել է հաշմանդամ, լավագույն դեպքում կարող է տեղաշարժվել անվասայլակով:

Կարծում եմ՝ այս ընտանիքներին բնակարանով ապահովելու խնդիրը նույնպես պետք է գտնվի Ձեր եւ Երեւանի ավագանու ուշադրության կենտրոնում ու նրանք եւս պետք է ապահովվեն բնակարանով»: