Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում բոլորը մեծ վստահություն ունեն մեր ապագա հաղթանակների նկատմամբ: Այս մասին լրագրողների հետ զրույցում մայիսի 11-ին ասել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Նրա խոսքով, Լեռնային Ղարաբաղ կատարած այցի շրջանակում ՀՀ Կառավարության անդամները՝ իր ղեկավարությամբ հանդիպումներ ու քննարկումներ են ունեցել ԼՂՀ Կառավարությունում, հանդիպել նախագահ Բակո Սահակյանի հետ ու այցելել առաջնագիծ: «Կարող եմ ասել, որ զինծառայողներից, սպաներից ու գեներալներից սկսած մինչեւ քաղաքական գործիչներ ու Լեռնային Ղարաբաղի պատգամավորներ՝ բոլորն էլ բարձր վստահություն ունեն մեր ապագա հաղթանակների նկատմամբ»,- շեշտեց Հովիկ Աբրահամյանը: Վարչապետը հավելեց, որ ԼՂՀ կատարած այցի ժամանակ քննարկվել են նաեւ տնտեսական հարցեր ու պայմանավորվածություններ են ձեռք բերվել բոլոր ուղղություններով: