«Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծի նպատակը փոքր բաժնետերերի շահերի պաշտպանվածության մակարդակը բարձրացնելն է; Այս մասին, այսօր՝ մայիսի 11-ին, ԱԺ-ում այդ օրինագծի քննարկման ժամանակ նշել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

«Լավ չի, որ ամեն անգամ ասում ենք՝արժեթղթերի շուկա չունենք: Մի օր պիտի զարթնենք ու ասենք, որ ունենք: Կորպորատիվ կառավարում, որ ասում ենք, պարզ ասենք, որ հայերը հարյուրներով իրար հետ լավ բիզնես չեն կարողանում անել, իրար չեն վստահում, կառավարիչներին չեն վստահում, դրա համար էլ ներդրումներ չեն անում: Մեր իրականության մեջ խոսքը ոչ թե մենաշնորհի, այլ մենատիրական բիզնեսի մասին է, մենակ մարդը կվախենա մենակով բիզնես անել»,-ասել է նա՝ հավելելով, որ փոքր բաժնետերերի իրավունքների ընդլայնման միջոցով մինչեւ տասը տոկոսի բաժնետերը կարող է աուդիտ անել կամ տնօրենների խորհուրդ ունենալ:

Միքայել Մելքումյան ընդգծել է, որ մեկ տարվա ընթացքում բանկերում ավանդների ներդրումն աճել է 18 տոկոսով եւ կազմել մեկ տրիլիոն 40 մլրդ դրամ եւ լավ կլինի, եթե այդ ավանդները հոսեն արժեթղթերի շուկա, այսինքն ավանդից դառնան ներդրում:

Այս առնչությամբ Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը նշել է, որ ակտիվորեն աշխատում են ԿԲ-ի հետ՝ ավանդները կապիտալի շուկա տեղափոխելու ուղղությամբ: