Եթե Հրանտ Բագրատյանի նման լուրջ մարդն է ասում, որ Հայաստանն արդեն ունի միջուկային զենք, ուրեմն մի բան գիտի: Այս մասին, այսօր՝ մայիսի 11-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ ՀՅԴ  խմբակացության ղեկավար Արմեն Ռուսամյանը:

«Նա վարչապետ է եղել, տիրապետում է բավականին լուրջ ինֆորմացիայի, որը կարող է հասանելի չլինել բոլորին: Ես այդ առումով հավատում եմ նրա խոսքերին: Հիմա թե Ադրբեջանը դրանից վայնասուն է բարձրացնում, իրենք թող մտածեն իրենց կատարածների մասին: Նրանք արդեն զանգվածային ոչնչացման նպատակով զենքեր են կիրառում»,-ասել է նա:

Ռուստամյանի խոսքով՝ Հայաստանը ամեն պահի պիտի մտածի իր պաշտպանությունն ամրացնելու մասին և բոլոր հնարավոր միջոցներով դա պիտի իրականացնի: «Եթե մեր առջեւ կանգնած է շատ հստակ սպառնալիք: «Եվրամիության աչքի առջեւ պատերազմական գործողություններ է իրականացնում Ադրբեջանը, խոստանում է իր արսենալը մեծացնել եւ որեւէ հիմք չկա, որ նույն Ադրբեջանը, Թուրքիայի հետ միասին նոր ավանտյուրա չեն սկսի, որն ավելի ծանր հետեւանքներ կունենա»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ Հայաստանը փաստորեն ավելի վա՞ղ է ունեցել միջուկային զենք, Ռուստամյանը պատասխանել է. «Շատ հնարավոր է: Ի վերջո, մենք եղել ենք միջուկային տերության մաս: Թե ինչպես է բաշխվել, ինչ է կատարվել, անհայտ պատմություններ կան»:

Հարցին, թե վտանգավոր չի՞ լինի Հայաստանի համար, եթե պարզվի, որ մենք միջուկային զենք ունենք, դաշնակցական պատգամավորն արձագանքեց. «Երբ պարզվի, մենք ոչ մի վտանգ էլ չենք ունենա: Թող ստուգեն, դա իրենց իրավունքն է, թող ստուգեն նաեւ զենքի բալանսը: Այդ բալանսը խախտված է ի օգուտ Ադրբեջանի: Մենք վաղուց ենք ասել, որ բալանսը պետք է պահպանվի: բոլորի աչքի առջեւ զինվում է Ադրբեջանը՝ օգտագործելով  արգելված զինատեսակներ»: