Ղարաբաղի ճանաչման հարցը պետք է մնա Հայաստանի օրակարգում, բայց մինչ այդ պետք է ամեն ինչ հստակ լինելու համար Արցախի հետ կնքվի ռազմական փոխօգնության պայմանագիրը: Այս մասին այսօր՝ մայիսի 11-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ հավելելով, որ այդ պայմանագրում կերեւա, որ հարձակում Ղարաբաղի վրա նշանակում է հարձակում Հայաստանի վրա եւ Հայաստանը պետք է իր բոլոր միջոցներով պաշտպանվի:

Դիտարկմանը, որ ստացվում է ՀՅԴ-ն կողմ է Լեւոն Տեր-Պետրոսյանի տեսակետին, որ ԼՂՀ անկախությունը ճանաչել պետք չէ այս պահին, Ռուստամյանն արձագանքեց. «Ոչ թե Տեր-Պետրոսյանի հետ ենք համամիտ, այլ մենք մեր տեսակետին են կողմ, որ դա պետք է կատարվի համաձայնեցված եւ ճիշտ ժամանակին: Եթե երկրի ղեկավարությունը գտնում է, որ ժամանակը չէ, ուրեմն ժամանակը չէ, բայց դա պետք է մնա մեր զինանոցում, որպես քայլ, որը անհրաժեշտ պահին պետք է կատարվի»:

Հարցին, թե ինչո՞ւ մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանն այս հարցում չի աջակցում Հայաստանին, նա պատասխանեց. «Աջակցում է այնքանով, որքանով այս պահին դա անհրաժեշտ է: Մենք մեր ռազմավարական գործընկերոջից դժգոհ չենք: Մենք չենք ասում զենքի առեւտուր մի արա Ադրբեջանի հետ, մենք ասում ենք, որ այնպես արեք, որ բալանսը չխախտվի: Կարծում եմ՝ այն բոլոր զինատեսակները, որոնք մեզ չի կարող ապահովել Ռուսաստանը, Հայաստանը կարող է կատարել այլ երկրների միջոցով»:

Մեզ էլ մտահոգում է, որ ռուսական զենքը դեռ չի հասել Հայաստան: Տեխնիկական պատճառները չպետք է խոչընդոտ հանդիսանան:

Իսկ Ռուսաստանը թույլ կտա՞, որ Հայաստան մտնող զենքը կրակի Ղարաբաղում, հարցին էլ արձագանեց. «Իսկ ի՞նչ է կրակում հիմա Ղարաբաղում, Հայաստանից գնացած զենք է եւ պետք է կրակի, բա ի՞նչ պետք է անի»: