Հայաստանը զգալի ձեռքբերումներ ունի հազարամյակի զարգացման որոշ նպատակների տեսակետից, մասնավորապես մանկական ու մայրական մահացության նվազման, կրթության, մաքուր ջրի հասանելիության ոլորտներում: Այս մասին մայիսի 11-ին ասել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի «Հազարամյակի զարգացման նպատակները» ծրագրի իրականացման գործում առաջընթացի գնահատման մասին ազգային զեկույցի պաշտոնական շնորհանդեսում, որտեղ ներկայացվել է նաեւ ՄԱԿ-ի «Կայուն զարգացման օրակարգ՝ 2030» ծրագիրը:
Ինչ վերաբերում է մնացած նպատակներին, ըստ վարչապետի, չնայած Հայաստանը որոշակի առաջընթաց է գրանցել, բայց անելիքներ դեռ շատ կան «Ու այսուհետ նույնպես մենք կշարունակենք հետեւողական ջանքեր գործադրել, համապատասխան ցուցանիշները բարելավելու ուղղությամբ»,- վստահեցրել է Աբրահամյանը:
Անցած շաբաթ, շարունակեց նա, Կառավարությունում կայացել է Կայուն զարգացման խորհուրդի հերթական նիստը, որտեղ փաստորեն մեկնարկ է տրվել ՄԱԿ –ի նոր օրակարգին՝ «Բարեփոխում ենք մեր աշխարհը՝ նոր օրակարգ՝ 2030»-ի ազգայնացման ու տեղայնացման գործընթացին: «Նոր օրակարգը ներառում է կայուն զարգացման 17 նպատակներ ու 169 նշանակետեր: Անկասկած մենք պետք է Հայաստանի համար ընտրենք այն նպատակներն ու նշանակակետերը, որոնք համահունչ են մեր ազգային ռազմավարական ծրագրերին, մասնավորապես «Հայաստանի կայուն զարգացման ռազմավարական ծրագիր 2014-2025 թթ համար»: Վերջապես անկախ նրանից, թե ինչպես ենք մենք անվանում օրակարգն ու նպատակները, բոլորս մեկ ցանկություն ունենք՝ ապահովել բարեկեցիկ ու ապահով կյանք»,- ասել է Հովիկ Աբրահամյանը: Դրան նպաստելու համար, շարունակել է վարչապետը, անհրաժեշտ է երկրի պետական համակարգի ու համապատասխան հասարակական ու միջազգային կազմակերպությունների ամենօրյա հետեւողական ու ծանր համատեղ աշխատանք: «Վստահ եմ, որ Հայաստան – ՄԱԿ համագործակցությունը մոտ ապագայում կամրապնդվի ու մենք կկարողանանք իրականացնել նոր օրակարգ»,- հավելել է Հովիկ Աբրահամյանը:





























