Հայաստանի ԱԻՆ-ի հրապարակում, այսօր՝ մայիսի 11-ին, կայացել է Ճապոնիայի կառավարության կողմից տրամադրված շարժական կառավարման կետ հանդիսացող նոր ավտոմեքենաների շնորհանդեսը, որին ներկա են եղել ՀՀ ԱԻ նախարար Ա. Երիցյանը եւ ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էիջի Տագուչին:
Ճապոնիայի կառավարությունը ոչ ծրագրային դրամաշնորհային աջակցության շրջանակներում ՀՀ ԱԻ նախարարությանն է տրամադրել գործողությունների կառավարման «Միթսուբիշի» մակնիշի 6 նոր ավտոմեքենա, որոնք կհագեցվեն աղետի գոտում աշխատանքի համար անհրաժեշտ բոլոր սարքավորումներով:
Նախարար Արմեն Երցիյանը նշել է, որ Ճապոնիայի կառավարության կողմից ՀՀ ԱԻ նախարարությանը տրամադրված 6 հատուկ մեքենաները հատկացվելու են ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնին (ՃԿԱԿ):
«2010 թ.-ին Ճապոնիայի կառավարության կողմից 28 հրշեջփրկարարական մեքենա հատկացվեց ՀՀ ԱԻ նախարարությանը: Այս 6 տարիների ընթացքում այդ մեքենաների միջոցով մեր անձնակազմը փրկեց բազում մարդկային կյանքեր, որի համար ես իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում: 3-4 տարվա ընթացքում շնորհիվ «911» ծառայության աշխատանքի բոլորը խոսում են մեր ճգնաժամային կառավարման կենտրոնների մասին: 2010-12 թթ. սկսած՝ ճապոնացի մեր գործընկերների հետ թե մարզերում, թե Երեւանում մեծ աշխատանքներ են տարվում ԱՌՆ բնագավառում, ինչպես նաեւ՝ սեյսմիկ ծառայության ուղղությամբ: Ինչպես գիտեք, Հայաստանի տարածքում կա 3000-ից ավելի սողանք, որոնցից առավել ակտիվ են 168-ը: 2014 թ. մենք աշխատանքներ սկսեցինք Ճապոնիայի կառավարության հետ նաեւ սողանքների դեմ պայքարի ուղղությամբ», - նշեց Ա. Երիցյանը:
Նախարարը տեղեկացրեց նաեւ, որ Ճապոնական կողմի հետ ակտիվ համագործակցություն է ձեւավորվել անձնակազմի մասնագիտական պատրաստության առումով եւս: Այս շրջանակներում ՀՀ ԱԻՆ աշխատակիցները վերապատրաստվում են Ճապոնիայում:
Նշենք, որ տրամադրված 6 ավտոմեքենաները արտակարգ պատահարների եւ աղետների ժամանակ օգտագործվելու են որպես շարժական կառավարման կետեր, հատկապես` բնական աղետների ժամանակ, ինչպես օրինակ՝ Հայաստանի տարածքում տեղի ունեցող հնարավոր սողանքի, ջրհեղեղի կամ երկրաշարժի դեպքում: Շարժական կենտրոնները կարող են գործել եղանակային բարդ պայմաններում (ամռանը մինչեւ +45 օC, իսկ ձմռանը մինչեւ -25 օC) եւ տեղափոխել 10 մարդ (ներառյալ վարորդը):
Ավտոմեքենաները պատրաստվել են հատուկ պատվերով, ներքին հարդարման աշխատանքները կատարվել են ջերմակայուն եւ անջրանցիկ նյութերով: Շարժական կառավարման կետերն ապահովված են դեպքի վայրում փրկարարական գործողությունների կազմակերպման եւ հանգստի համար անհրաժեշտ պայմաններով ու պարագաներով` լուսարձակներ, բարձրախոսներ, աշխատանքային սեղան եւ աթոռներ, մահճակալներ, օդափոխիչ սարք, տաք/սառը ջրով ցնցուղ, սանհանգույց եւ այլն: Ավտոմեքենաներն ու դրանց մեջ տեղադրված էլեկտրական հոսանք մատակարարող գեներատորներն աշխատում են դիզելային վառելանյութով:
Մայիսի 12-ին Հայաստան ժամանած ճապոնացի մասնագետների խումբը վերապատրաստման դասընթաց կանցկացնի փրկարար ծառայության աշխատակիցների հետ` շարժական կառավարման կայանների շահագործման եւ սպասարկման վերաբերյալ:



























