Ադրբեջանը կարող է հասնել իր նվիրական նպատակներին Լեռնային Ղարաբաղը ճանաչելու միջոցով: Այս մասին մայիսի 12-ին Կառավարության նիստից հետո լրագրողներին ասել է փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:

Նրա խոսքով, բանակցային փաստաթղթերի ամբողջ փաթեթից Ադրբեջանը փորձում է տարանջատել այն ամենն, ինչ վերաբերում է տարածքների վերադարձին: Բայց մինչեւ տարածքային պահանջներ առաջ քաշելը Ադրբեջանը պետք է առնվազն ինքն էլ վերադարձնի Լեռնային Ղարաբաղի գրավյալ տարածքները ու ճանաչի Լեռնային Ղարաբաղը: Քանի որ ճանաչելու դեպքում նա գործ կունենա մի սուբյեկտի հետ, որը լիազորված է քննարկել նման հարցեր: «Հայաստանի Հանրապետությունը առանց Լեռնային Ղարաբաղի նման հարցեր լուծել չի կարող: Ահա ամենակարճ ճանապարհը, որով Ադրբեջանը կարող է հասնել իր նվիրական նպատակին»,- ասել է Քոչարյանը՝ ճշգրտելով, որ խոսքը Մարտունիի, Մարտակերտի, Շահումյանի շրջանների մասին է, որոնք գտնվում են ադրբեջանական օկուպացիայի տակ: