Քանի դեռ Բաքուն ձեւացնում է, թե Ղարաբաղ չկա, բանակցություններում էլ առաջխաղացում չի լինի: Այս մասին Կառավարության մայիսի 12-ի նիստից հետո լրագրողներին ասել է փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:

Նրա խոսքով՝ չնայած Ադրբեջանին չհաջողվեց իրականացնել բլիցկրիգ եւ երկրի ղեկավարությունը հայտնվեց որոշակի ճնշման ներքո, բայցեւայնպես Բաքվի ռազմաշունչ հռետորաբանության մեջ զգալի փոփոխություններ չկան: «Ակնհայտ է, որ Ադրբեջանը ամբողջ բանակցային գործընթացն օգտագործում է ապատեղեկատվություն եւ իր քարոզչությունը տարածելու համար, նաեւ սպառազինվելու ու խնդրի ուժային լուծմանը պատրաստվելու համար: Չնայած Ադրբեջանի վերջին փորձը չի հաջողվել, բայց հայկական կողմը պետք է միշտ պատրաստ լինի նոր արկածախնդրությունների: Հայկական կողմը պետք է շեշտադրումն անի հենց նրա վրա, ինչը հիմա բանակցություններ են կոչվում: Իսկ թե ինչ կարգավիճակ կունենա Լեռնային Ղարաբաղը՝ միայն նրա ժողովուրդը կարող է որոշել: ԼՂՀ ժողովուրդը արտահայտել է իր կամքը ապրել անկախ պետությունում՝ ըստ էության դուրս գալով նաեւ Հայաստանի կազմից: Հայաստանը հարգանքով է վերաբերվել ժողովրդի այդ կամքին»,- ասել է փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը: