Եթե անգամ հայկական կողմը վստահ լինի, որ լայնամասշտաբ մարտական գործողություններում հաղթելու է, պետք է ամեն ինչ արվի բանակցային գործընթացի վերսկսման համար: Այս մասին այսօր՝ մայիսի 12-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց  ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը:

«Եթե անգամ համոզված լինենք, որ հաղթելու ենք՝ պետք է հասնենք խաղաղ ճանապարհով այս խնդրի լուծման»,-ասաց նա:

ԱԺ պատգամավոր, ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանն էլ նշեց, որ ԼՂ հակամարտության բանակցային գործընթացին կարող է խանգարել Արցախի անկախության միակողմանի ճանաչումը: «Դա եղել է այն գործիքը, որը մենք պատրաստ ենք  օգտագործել ամենաօրհասական պահին: Երբ ամեն տարի հայտարարվում է այդ գործիքի կիրառման մասին, դա արժեզրկվում եւ ինքնանպատակ է դառնում: Այդ առիթով կարծում եմ, երբ կլինի նորից պատերազմական վիճակ, այդ ժամանակ միաձայն կընդունենք»,-ասաց նա:

ԱԺ «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Թեւան Պողոսյանն էլ նշեց, որ  Արցախի դե յուրե ճանաչումը միշտ էլ դիվանագիտական գործիք է եղել, որը պետք եղած պահին անհրաժեշտ է կարողանալ օգտագործել:

«Պետք է հասկանալ, արդյոք մենք ունենք այն թիմը, որն այդ գործիքով կկարողանան աշխատել, արդյոք մենք պատկերացնում ենք՝ ինչպես ենք այդ գործիքն օգտագործելու ու բոլոր հաշվարկները  ունենք եւ արդյոք գիտենք, թե մեր թշնամիները այդ գործիքն ինչպես են օգտագործելու: Արդյոք մենք ունենք հաշվարկներ ու պատկերացումներ՝ ինչպես է միջազգային հանրությունն այդ գործիքն օգտագործելու»,-ասաց նա: