Մայիսի 10-ին, ժամը 03.05-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնում 45-ամյա Արմեն Ա.-ից ահազանգ է ստացվել, որ Հալաբյան փողոցի թիվ 51 շենքի մոտ իր ավտոմեքենայի լուսարձակը գողացել են:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած օպերատիվ խմբին Արմեն Ա.-ն հաղորդում է տվել, որ մայիսի 9-ի ժամը 21.30-ից մինչեւ մայիսի 10-ի ժամը 00.05-ն ընկած ժամանակահատվածում, գողացել են իրենց շենքի մոտ կայանված «Մերսեդես G-500» մակնիշի ավտոմեքենայի դիմացի աջ լուսարձակը` իր պլաստմասե շրջանակով:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ գողությունը կատարել են 28-ամյա Գրիգոր Պ.-ն եւ 27-ամյա Սարգիս Խ.-ն, որոնք մայիսի 10-ին, ժամը 04.30-ին, բերման են ենթարկվել բաժին:
Մայիսի 10-ին Սարգիս Խ.-ն ձերբակալվել է:
Մայիսի 11-ին, ժամը 10.00-ին, Գրիգոր Պ.-ն տվել է խոստովանական բացատրություն: Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:



























