«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ապրիլի 25-ից  հացադուլ հայտարարած «Կիկեռ» մականվամբ կալանավոր Հրաչյա Գեւորգյանի փաստաբանը դիմել է  Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Նշենք, որ Հրաչյա Գեւորգյանը հացադուլ է հայտարարել՝ պահանջելով ուշադրություն դարձնել իր առողջական վիճակին, բացի այդ նա բողոքում է նաեւ իր քրեկան գործից:

Նշենք, որ Հրաչյա Գեւորգյանն ունի մի շարք հիվանդություններ, ըստ նրա մոր` Նախշուն Ենգիբարյանի, իր որդին ՔԿՀ-ում հայտնվելու պահից ձեռք է բերել կյանքին վտանգ սպառնացող բազմաթիվ հիվանդություններ. սուր խրոնիկ բրոնխիտ, Հեպատիտ Ց, Պարկինսոնի հիվանդություն եւ այլն: Նրա մայրը պնդում է, որ Հրաչյա Գեւորգյանը ՔԿՀ-ում չի ստացել բավարար բուժում, ինչի արդյունքում կալանավորի վիճակը ներկայաում ծայրահեղ ծանր է:

Հրաչյա Գեւորգյանը մեղադրվում է Նաիրա Հարությունյանին եւ նրա անչափահաս որդուն առեւանգելու, պատանդ պահելու եւ առեւանգված կնոջ հորից խոշոր չափերի գումար շորթելու մեջ:

Ըստ մեղադրականի`նախկինում բազմիցս դատապարտված Հրաչյա Գեւորգյանը, Երեւանի Բաշինջաղյան փողոցից դանակի գործադրմամբ իր տուն է տեղափոխել Նաիրա Հարությունյանին եւ նրա անչափահաս որդուն, օրեր շարունակ նրանց պատանդ է պահել եւ նրանց ազատ արձակելու պայմանով Նաիրա Հարությունյանի հորից՝ Ս. Հարությունյանից 600.000ՀՀ դրամ պահանջել, ստանալով 540 000 ՀՀ դրամ`պատանդներին ազատել է:

Հրաչյա Գեւորգյանը, գտնվելով ազատազրկման վայրում, Ս. Հարությունյանին սպառնացել է, որ կհրապարակի դստեր մերկ լուսանկարները, կամ կվնասի դստերը եւ թոռնիկին, նրանից պահանջել եւ ստացել է ընդհանուր 1.472.000 ՀՀ դրամին համարժեք 4000 ԱՄՆ դոլար: 2015թ. նոյեմբերին Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն ամբաստանյալներին մեղավոր է ճանաչել՝ Հրաչյա Գեւորգյանին դատապարտելով 8 տարվա, իսկ Գարիկ Հարությունյանին 6 տարի 8 ամսվա ազատազրկման: Նրանց նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը թողնվել է անփոփոխ:

Գործն այժմ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում է: Հրաչյա Գեւորգյանը եւ Գարիկ Հարությունյանը դժգոհ են առաջին ատյանի դատարանի որոշումից, Վերաքննիչից պահանջում են բեկանել վճիռը, իրենց անմեղ հռչակել կամ գործն ուղղարկել նույն դատարան՝ նոր քննության, կամ սահմանել փորձաշրջան:

Նա ՔԿՀ-ում հայտնի է որպես «զոն նայող»: