Մայիսի 11-ի երեկոյան Երեւանի Մ. Խորենացու փողոցում տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով տուժած 21-ամյա Մանան Բադալյանի վիճակը ծանր կայուն է: NEWS.am-ի հետ զրույցում Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոնից տեղեկացրին, որ 21-ամյա աղջիկն ունի գանգուղեղի ծանր վնասվածք, կրծքավանդակի սալջարդ, ազդոսկրի, կոնքի կոտրվածք. «Վերակենդանացման բաժանմունքում է,  գիտակից վիճակում,  վիճակը ծանր կայուն է»:

Ավտովթարից տուժածներից 22-ամյա Սամվել Սինասյանին այսօր Վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել են հիվանդասենյակ, նրա վիճակը միջին ծանրության է: Նա կոնքի վնասվածք, քթի կոտրվածք ունի:

Ավելի վաղ ԱԻՆ-ը տեղեկացրել էր, որ մայիսի 11-ին, ժամը 22.08-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երեւանի Մ. Խորենացու փողոցի թիվ 158 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:

Պարզվել է, որ «Mitsubishi colt plus» մակնիշի 34 CQ 560 պ/հ ավտոմեքենան (վարորդ՝ 1994 թ. ծնված Ս. Ս.) բախվել է արտաքին լուսավորման սյանը: