Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության հարցում այսօր ամենակարեւորն խաղաղության եւ կայունության պահպանումն է եւ այս գործում կարեւոր դերակատարություն պետք է ստանձնեն ոչ միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, այլեւ միջազգային հանրությունն ընդհանրապես: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այսօր հրապարակված հայտարարությունը:
«Պետք է քննարկվեն հենց այդ հարցերը, ճիշտ չէ քննարկել այլ հարցեր, քանի որ հիմնական խնդիրը դա է, նաեւ շփման գծում միջադեպերի հսկման համապատասխան մեխանիզմների ներդրումը, այդ թվում տեխնիկական միջոցները, որոնք կհսկեն իրավիճակը, կորոշեն խախտումների վայրը, ժամը, նաեւ թե որ կողմն է խախտում: Եթե դրանք էլ օգուտ չտան, այլ ջանքեր պետք է գործադրել»,-նշեց Բաբայանը:
Նա նշեց, որ մինչեւ բանակցային գործընթացը սկսելը պետք է այդ մեխանիզմները ներդրվեն, ավելի մեծ պրակտիկ քայլեր ձեռնարկեն այդ ուղղությամբ, եւ այդ դեպքում՝ գուցե դրական ձեռքբերումներ լինեն, իսկ այս պահին, քանի դեռ դա չկա, կարգավորման սցենարների մասին խոսելն իմաստ չունի:
Դավիթ Բաբայանը խոսքով, միջազգային միջնորդները պետք է հասցեական լինեն իրենց հայտարարություններում: «Նաեւ պետք է ամեն ինչ անել, որպեսզի վերականգնվի բանակցությունների լիարժեք ձեւաչափը, հատկապես, որ Ադրբեջանը քառօրյա պատերազմում ապացուցեց, որ պատերազմում է ԼՂՀ-ի դեմ: Էդ ո՞նց է մեզ հետ պատերազմում է, բայց չի ուզում մեզ հետ բանակցել»,-ասաց նա:
Բաբայանը նշեց, որ համանախագահների վերջին հայտարարությունում շեշտադրումները համահունչ են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարություններին, նույն գաղափարներն են հայտնում. «Եթե կոնկրետ քայլեր քննարկվեն մեխանիզների առումով, այս հունով ընթանա գործընթացը, միգուցե դրական արդյունք լինի»:
Նրա խոսքով, այստեղ մեծ է ոչ միայն Մինսկի խմբի համանախագահների, այլեւ ընդհանրապես միջազգային հանրության դերակատարումը, որովհետեւ խաղաղության ու կայունության հաստատմանը խոչընդոտում են նաեւ միջազգային հանրության որոշ ներկայացուցիչներ: «Խոսքը միայն Թուրքիայի մասին չէ, այլեւ միջազգային հանրության որոշ ներկայացուցիչների: Ինչ է նշանակում Բաքվում անցկացնել ՄԱԿ-ի քաղաքակրթությունների դաշինքի ֆորումը, «Ֆորմուլա1»-ի մրցաշարը: Ինչպես կարելի է ագրեսոր երկրում նման միջոցառումներ անցկացնել: Դա թեւեր է տալիս Ադրբեջանին, որ շարունակի իր ապակառուցողական ու ագրեսիվ քաղաքականությունը:
Որոշ արեւմտյան երկրների ներկայացուցիչներ այցելում են Բաքու եւ այնպիսի հայտարարություններ են անում, որ անգամ ճորտատիրական կարգերի ժամանակ նման պնակալեզներ չկային, ու դա, իհարկե, ոգեւորում ու թեւեր է տալիս Բաքվին: Այս տեսանկյունից, սա որոշակի առումով, լակմուսի թուղթ է, որպեսզի քաղաքակիրթ երկրները տեսնեն իրենց արատները եւ ձերբազատվեն դրանից: Դա կարեւոր է նաեւ համամարդկային արժեքների ամրապնդման համար»,-իր խոսքն ամփոփեց Դավիթ Բաբայանը:





























