Լեռնային Ղարաբաղի, խաղաղ բնակչության, այդ թվում՝ երեխաների եւ ծերերի նկատմամբ Ադրբեջանի իրականացրած լայնածավալ ագրեսիան, որն ուղեկցվել է միջազգային մարդասիրական եւ մարդու իրավունքների ոլորտում ստանձնած միջազգային պարտավորությունների կոպտագույն խախտումներով, պետք է դառնա միջազգային հանրության քննարկման առարկա։ Այդ մասին ասել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը, որն ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Ալան Միլին եւ Ջուզեպպե Գալատիին:
Վարչապետը ողջունել է համազեկուցողների այցը Հայաստան, կարեւորել ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի հետ համագործակցությունը եւ շնորհակալություն հայտնել մինչ այժմ մեր երկրին ցուցաբերած տեխնիկական օժանդակության համար: Հովիկ Աբրահամյանը մանրամասներ է ներկայացրել Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ քննարկումների եւ արդյունքների վերաբերյալ՝ նշելով, որ նախագծում ընդգրկվել են նաեւ ընդդիմադիր քաղաքական ուժերի, քաղաքացիական հասարակության ներկայացրած բազմաթիվ առաջարկություններ: Վարչապետի խոսքով՝ ամեն ինչ արվում է Ընտրական օրենսգրքի շուրջ լայն կոնսոլիդացիա ապահովելու եւ մեկ ընդհանուր դիրքորոշում ունենալու համար: Անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարին՝ գործադիրի ղեկավարը նշել է, որ ՀՀ վարչապետի գլխավորությամբ ստեղծվել է հակակոռուպցիոն խորհուրդ, հաստատվել է ռազմավարությունն ու գործողությունների ծրագիրը եւ ընդգծել, որ կա քաղաքական կամք՝ կոռուպցիայի դեմ կոնկրետ քայլերով պայքարելու համար:
Անդրադառնալով ապրիլյան քառօրյա պատերազմին՝ վարչապետը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի, խաղաղ բնակչության, այդ թվում՝ երեխաների եւ ծերերի նկատմամբ Ադրբեջանի իրականացրած լայնածավալ ագրեսիան, որն ուղեկցվել է միջազգային մարդասիրական եւ մարդու իրավունքների ոլորտում ստանձնած միջազգային պարտավորությունների կոպտագույն խախտումներով, պետք է դառնա միջազգային հանրության քննարկման առարկա, դատապարտվի եւ ստանա արժանի գնահատական: Վարչապետի խոսքով՝ հայկական կողմի դիրքորոշումը հստակ է. ԼՂ հակամարտությունը պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շրջանակում՝ բացառապես խաղաղ բանակցությունների արդյունքում:
Համազեկուցողները շնորհակալություն են հայտնել վարչապետին ընդունելության համար եւ իրենց աջակցությունն ու օժանդակությունը հայտնել հայ գործընկերներին Հայաստանում ժողովրդավարության զարգացման գործընթացներում, կարեւորել են Ընտրական օրենսգրքի շուրջ իրականացվող քայլերը: Ալան Միլը եւ Ջուզեպպե Գալատին ցավակցություն են հայտնել պատերազմի զոհերի կապակցությամբ եւ նշել, որ սատարում են ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին: Համազեկուցողները շեշտել են, որ հայաստանյան քաղաքական ուժերի հետ հանդիպումներում ԼՂ հակամարտության հարցում ընդգծված է եղել միասնականության ոգին եւ համախմբվածությունը: Նրանք շեշտել են, որ ԼՂՀ ՊԲ զինծառայողի սպանության, գլխատման եւ հրապարակման փաստը պատրաստվում են ներկայացնել Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:





























