Միայն հյուսիսային հատվածում մենք ունենք 7 ք/կմ կորուստ ենք ունեցել: Այս մասին, այսօր՝ մամուլի ասուլիսի ժամանակ նշել է «Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում» հասարակական կազմակերպության (ՇԱԳԱՄ) նախագահ Ժիրայր Սէֆիլյանը:

«Ապրիլյան դեպքերի առաջին օրերից բոլորս նկատեցինք, որ մենք ունեցել ենք դիրքային կորուստներ, հիշում ենք՝ այդ օրերին, երբ բարձրաձայնվում էր, որ պետք է անմիջապես կորցվածը առնվազն հետ վերցվի, գործող ռեժիմի պարագլուխները տարբեր մակարդակներով խոսում էին եւ փորձում արդարանալ՝ ասելով, որ ընդամենը մի քանի հարյուր մետր քառակուսի ունենք կորցրած՝ 200 մետր հյուսիսից, 300 քառ մետր հարավից:

Ծիծաղելի չափերի մասին էր խոսակցությունը: Մենք առաջին օրվանից տեղեկացված էինք՝ ինչ էր տեղի ունենում առաջնագծում, օրեր անց մենք արդեն ճշտել էինք, թե մեր կորուստն ինչ չափի է: Ոչ մեկս չէր սպասում, որ մենք ունեցել ենք տարածքային այդքան մեծ կորուստներ: Այս շաբաթների ընթացքում մենք հորդորել ենք ՊՆ-ին՝ անձամբ Արծրուն Հովհաննիսյանին, որ մեր ժողովրդին իրականությունը ներկայացնեն: Որովհետեւ այն, ինչ իրականում կա, աշխարհի համար պարզ է, հակառակորդի համար եւս պարզ է, միակ անտեղյակը իրականությունից մեր ժողովուրդն է: Մենք հորդորել ենք նրանց, որ լավ կլիներ՝ ճշմարտությունն իրենք ասեն՝ միաժամանակ զգուշացնելով, որ եթե երկար լուռ մնան, մենք ենք ասելու իրականությունը»,- ասել է նա:

Սեֆիլյանը նշել է, որ իր տեղեկություններով՝ հյուսիսարեւելյան հատվածի՝ Թալիշի ուղղությամբ, մեր կորստի իրական չափը. «Ցավալին այն է, որ միայն հյուսիսային հատվածում մենք ունենք 7 մլն մետր քառակուսի կորուստ, այսինքն՝ 7 կմ քառակուսիի մասին է խոսքը: Ումի՞ց են թաքցնում այս իրականությունը: Եթե այս վիճակը մենք շարունակենք հանդուրժել, այսինքն՝ առնվազն մեր կորցրած դիրքերը հետ չբերենք, մեր նահատակների զոհողությունն այս քաղաքական ղեկավարությունը կարծես ուզում է ջուրը լցնել: Այստեղ մեղքը բանակինը չէ, բանակն ամեն օր սպասում է: Մեր մարտունակ ստորաբաժանումները հերթ են կանգնած, թե ով պետք է այդ գործողությունն կատարի, որը շատ հեշտ է մեզ համար: Ինչքան ուշացնում ենք, այնքան դժվարանալու է մեր գործը»: