Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարում տեսանելի արդյունքների բացակայության դեպքում Եվրոպական միությունը չի հատկացնի նախատեսված 15 մլն եվրո գումարը: Այդ մասին մայիսի 13-ին հայտնել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին` հանդես գալով «Կառավարություն – քաղաքացիական հասարակություն» հակակոռուպցիոն համաժողովին:
Նրա խոսքով, Հայաստանի համար կոռուպցիայի դեմ պայքայրը պիտի համազգային համախմբման առարկա դառնա` իշխանությունների, քաղաքական կուսակցությունների, բոլոր հասարակական ինստիտուտների, քաղաքացիական հասարակության ներգրավմամբ: «Իմ կարծիքով, ներկայիս միջոցառումը ցույց է տալիս, որ կոռուպցիայի դեմ պայքարը պիտի Հայաստանի համար առաջնահերթություն դառնա: Մենք կարող ենք հիշել վարչապետի վերջին հայտարարությունը, որտեղ նա դժգոհություն էր հայտնել կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքից: Կարծում եմ, որ խնդիրը Հայաստանի համար ռազմավարական կարեւորություն է ներկայացնում», - նշել է Սվիտալսկին` ընդգծելով, որ երկրի համար դա արդեն ազգային անվտանգության հարց է: Կոռուպցիան, շարունակել է նա, թուլացնում է Հայաստանը: «Կոռուպցիայի դեմ պայքարը ոչ միայն օրենքի գերակայության ապահովում է, այլեւ ազգային ունեցվածքի հավասար բաշխման, դա Հայաստանի համար ազգային անվտանգության հարց է: Այդ տեսանկյունից, կարծում եմ, մենք կկարողանանք տեսանելի փոփոխություններ արձանագրել», - հույս է հայտնել Պյոտր Սվիտալսկին: Հայաստանի կառավարությունը, հիշեցրել է նա, մի շարք շատ կարեւոր փաստաթղթեր է ստորագրել, ստեղծել է Հակակոռուպցիոն խորհուրդ: Քաղաքացիական հասարակությունը եւ Հայաստանի կառավարությունը, դիվանագետի տեսանկյունից, կոռուպցիայի դեմ պայքարի համանման ընկալում ունեն: «Հայ ժողովուրդը տեսանելի ապացույցներ է սպասում այն բանի, որ կոռուպցիայի դեմ պայքարն առաջընթաց է արձանագրում», - ընդգծել է Սվիտալսկին: Նրա խոսքով, ԵՄ-ը 15 մլն եվրո է հատկացրել այդ պայքարի շրջանակում: «Սակայն այդ գումարը դեռեւս բաշխված եւ ծախսված չէ: Մենք բաց ենք եւ ազնիվ գործընկերների հետ. կան պայմաններ, մենք պիտի արդյունքներ տեսնենք: Այդ արդյունքների բացակայության դեպքում մենք այդ գումարը չենք հատկացնի», - ընդգծել է Պյոտր Սվիտալսկին: Դեսպանը հույս է հայտնել, որ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը նոր ազդակ կստանա, իսկ արդյունքները զգալի կլինեն: Նա անհրաժեշտ է համարել անկախ, ուժեղ մարմնի ստեղծումը, որը կպայքարի կոռուպցիայի դեմ: «Հույս ունեմ, որ այդ ոլորտում ձեռքբերումներ կլինեն: Համոզված եմ, որ արդարադատության նախարարն այդ հարցին մեծ կարեւորություն կտա, բայց մեզ գործողություններ են անհրաժեշտ, փաստեր, ձեռքբերումներ», - ամփոփել է Պյոտր Սվիտալսկին:





























